Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ

Background Image
Background Image
Background Image

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր․ հետազոտվի՛ր և ապրի՛ր, 2018

Ամեն մարդու կյանքում կյանքը վերաիմաստավորելու, այն նորովի գնահատելու և երբեմն այլ ձևով սկսելու գոնե մեկ հանարավորություն լինում է: Դե ես էլ սովորական մարդ եմ ու նույնը պատահեց ինձ հետ մոտ տաս տարի առաջ: Շատ երիտասարդ էի: Ապագայիս տեսլականն էի մտովի ուրվագծում, ինձ պատկերացնում տարբեր դերերում ու իրավիճակներում, մի տեսակ ինձ անպարտ, հաղթանակած ու անձեռնամխոլի էի պատկերացնում: Ինձ թվում էր, որ այնքան խելացի եմ, այքան զարգացած, որ էլ սովորելու, հասկանալու ու տեսնելու ոչինչ չունեմ: Բայց արի ու տես, որ դեռ այնքան բարդ դասեր ունեի սովորելու, այնքան քննություններ ունեի հանձնելու…ու ամեն մի դասը որքան թանկ պիտի արժենար…

Գիտես, երբ ուղիղ նայում ես մահվան աչքերին, երբ չգիտես կրծքիդ տակ բաբախող երեխան ի վերջո առողջ է, թե այնուամենայնիվ վարակվել է ՄԻԱՎ-ով, երբ չգիտես, թե ինչպես կարձագանքեն մտերիմներդ ու հարազատներդ քո ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստին, շատ դժվար է ապրել ու սպասել… սպասել, անվերջ սպասել… սպասել, մինչև երեխան կծնվի ու դու կհամոզվես, որ նա իսկապես  10 մատ ու երկու ձեռք, գլուխ ունի, սպասես, որ օշարակը խմի ու գոնե մեկ ժամ անցնի, որ նա չփսխի, սպասես, որ 18 ամիսն անցի, որ վերջապես գա վերջնական աշխորոշման պահը, իսկ երբ պահը եկել է ու դու վերապես պիտի իմանաս երեխայիդ ՄԻԱՎ կարգավիճակը, արդեն չես ուզում զանգել, որովհետև վախենում ես, որ չլսես այն, ինչին այդքան երկար սպասում էիր: Հիմա հասկանում եմ, որ սրանք բոլորն իսկապես անհիմն վախեր էին, բայց ես երիտասարդ էի, շատ երիտասարդ: Ինձ ոչ ոք չէր նախապատրաստել մեծ կյանքի համար…

Անտանելի տհաճ է ամեն օր դեղ խմելը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են զզվելի, անտանելի կողմնակի ազդեցություններով: Դու գիտակցում ես, որ եթե անգամ դեղորայքի մեկ չափաբաժինը բաց թողնես, կարող է լուրջ ազդեցություն թողնել բուժման արդյունավետության վրա, սակայն մյուս կողմից էլ չես ուզում խմել, քանի որ գիտես, կողմնաի ազդեցությունների պատճառով խաթարվում է կյանքիդ բնականոն ռիթմը: Չէ, չեմ բողոքում, քավ լիցի, այօր ավելի լավ դեղեր կան ու ավելի հեշտ է ապրել ՄԻԱՎ-ով, բայց պատկերացնում ես ամեն օր, օրը 2 անգամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս նույն ժամին դու պիտի խմես այն գրողի տարած դեղերը: Երբեմն դու ստիպված ես դրանք թաքցնել քո հարազատներից, ընկերներից, երեխաներից, հարևանից, ու հետ առավոտյան սուրճ ես խմում, թաքուն խմել կամ ասենք խաբել, իբր վիտամիններ ես խմում:

Դեղ խմելը դեռ ոչինչ, հնարավոր է ինչ որ ձև համակերպվել, բայց Աստված չանի առողջական որևէ խնդիր ունենաս: Մտովի պատկերացնում ես այն բոլոր սցենարները, որոնք կարող են պատահել, երբ այցելես համապատասխան բժիշկ-մասնագետի մոտ ու ստիպված ասես ՄԻԱՎ կարգավիճակդ: Գուցե երբեմն այդ վախերը չափազանցված են, երբեմն մտացածին,  բայց շատ հաճախ իրապես արդարացված են: Երբ ստիպված ես լինում ասել քո կարգավիճակը, որովհետև նախ չես ցանկանում վտանգի ենթարկել այլ մարդու և անում ես, որ նա ավելի զգույշ լինի, իսկ երկրորդ՝ ասում ես, որ որևէ բուժում նշանակելիս հաշվի առնեն բոլոր հանգամանքներն ու օգնելու փոխարեն՝ ավելի չվնասեն: Քո կարգավիճակի մասին խոսելիս սիրտդ մեկ րոպեում 150 անգամ խփում է, բառերը գլխիցդ փախչում են, չգիտես ինչպես ասել, որ քեզ չարհամարեն, չվիրավորեն, չմեղադրեն ու ի վերջո չհրաժարվեն ծառայություն մատուցել: Չէ, դու դա երևի չես հասկանա, ախր դու չես եղել իմ իրավիճակում, չգիտես ինչ է նշանակում չարած բանի համար արդարանալ, ինչ որ անհեթեթ հարցերի պատասխանել, օրինակ. «Բա՞ որտեղից ես վարակվել կամ չես նեղանա չէ, որ երկու ձեռնոց հագնեմ» ու նման անհեթեթ զրույցներ:

Հասունացնում, ավելի խոհեմ, շրջահայաց ու հանդուրժող ես դառնում կյաքի տված անգանահատելի դասերի արդյունքում: Երևույթներն ու մարդկանց սկսում ես գնահատել այլ չափանիշներով ու երբեք չես մոռանում սովորածդ, քաղածդ ու վերապրածդ դասերը, երբեք…

Այսօր դեկտեմբերի 1-ն է, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը: Իսկ կասես ինձ ինչի՞ ես պայքարում ՁԻԱՀ-ի դեմ, ի՞նչ միջոցներով ես պայքարում… Միլիոնավոր դոլլարներ մսխելով ու ոչ մի շոշափելի արդյունքի չհասնելո՞վ… քո պայքարից իմ ապրումները, կյանքի որակը, իմ նկատմամբ վերաբերմունքը չի փոխվում, հասկանում ես չի փոխվում… ես ինչպես տաս տարի առաջ էի սարսափում կարգավիճակս բացելուց, այնպես էլ հիմա եմ սարսափում…

Ես պայքարի իմ տարբերակն ունեմ. Խոսի՛ր քո երեխայի հետ և նրան նախապատրաստի՛ր մեծ կյանքին, պատմիր նրան, թե ինչպես եմ ես մի օրում մեծացել ու կյանքի ինչ դպրոց եմ անցել, դպրոցում երեխայի տուր իրեն հասանելիք գիտելիքը, բժիշկներիդ լավ սովորեցրու, որ ՄԻԱՎ-ը փոխանցման հստակ ուղիներ և  կանխարգելման միջոցներ ունի, հա ու չմոռանաս օրենքով ինձ պաշտպանել… ես իրավունք ունեմ առանց խտրականության պատշաճ և որակով բժշկական ծառայություն ստանալ, ինչպես դո՛ւ, ինչպես բոլորը…

ՁԻԱՀ-ի դեմ պայքարը ՄԻԱՎ-ով ապրող մարդու դեմ չպենք է լինի, ՄԻԱՎ-ով ապրող մարդը որևէ ձևով մեղավոր չէ ՄԻԱՎ-ով հենց ինքն է վարակվել, ոչ թե դու, թե դու կարծում ես, որ անձեռնամխելի ես… չէ բարեկամս, սխալվում ես: Ես էլ էի քո պես կարծում, որ ես առնվազն պետք է մարմնավաճառ կամ թմրամիջոց օգտագործող լինեմ, բայց արի ու տես, որ քո նման ես էլ էի սխալվել: Որևէ նշանակություն չունի, որ նշածս ոչ մի խմբին չեմ պատկանում, ավելի ասեմ, այսօր ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ն այլևս ոչ մի խմբին չի պատկանում…

Զգույշ եղի՛ր, անպայման, գոնե մեկ անգամ հետազոտվի՛ր, որպեսզի Աստված չանի եթե վարակված լինես, ժամանակին բուժումդ սկսես ու երկար ու երջանիկ ապրես, վայելես  սիրելիներիդ ներկայությունը…

Հա, հա, ես իսկապես երջանիկ եմ, ոչ թե թվարկածս խնդիրների համար, այլ որ ժամանակին հետազոտվել եմ, կանխարգելման շնորհիվ առողջ երեխաներ ունեմ, իսկ բուժման շնորհիվ ապրում եմ, սիրված եմ ու վայելում եմ կյանքիս ամեն մի օր: Իսկապես երջանիկ եմ, որ անցել եմ կյանքի այս դպրոցը, կարող էր էլ ավելի վատ լիներ, պատահում չէ՞, համաձայն չե՞ս…

Հավատա, ՄԻԱՎ-ն իմ կյանքում լակմուսի դեր է տարել. Այն մարդիկ, որ պիտի գնային, գնացել են ու ես իրենց բացակայությունն ընդհանրապես չեմ զգում: Իսկ այն մարդիկ, որ պիտի լցնեին իմ կյանքը, ինձ ապրեցնեին, իմ կողքին են, գուցե զարմանաս, բայց շատերը գիտեմ, որ ես ՄԻԱՎ ունեմ բայց չեն գնում, մնուն են ու ինձ ամեն օր ցույց տալիս, որ սերն ու հոգատարությունն ավելի ուժեղ են, քան կարող են լինել մարկային վախերը…

Ես սիրում եմ կյանքը ու ինձ տրված այս բացառիկ հնարավորությունը: Ես զուր չեմ վատնի այն ու կապրեմ լիարժեք…

Արի պայքարենք իմ առաջարկած ձևերով…

Հետազոտվի՛ր և ապրի՛ր …