Առաջին ամուսնությունս չստացված էր: Այն տևեց ընդամենը  5 ամիս, բայց այդ ամիսները մեծ ու չմաքրվող հետք են թողել իմ կյանքի հետագա ընթացքի վրա: Առաջին հարվածն այն էր, որ ամուսնությունից հետո իմացա, որ ամուսինս թմրանյութերի հանդեպ սեր ունի: Ամուսնությունից հետո չէր էլ փորձում թաքցնել դա: Տանը, նստած գալիս էր հենց իմ աչքերի առաջ նստում էր ու սրսկվում: Միակ մարդիկ, որոնց կարող էի դիմել օգնության համար՝ կիսուրս ու կեսրայրս էին: Պատմեցի իրենց ողջ եղելությունը, ասացի, որ կործանվում է իրենց զավակը, իմ ամուսինը, բայց նրանք աջակցելու փոխարեն սկսեցին մեղադրանքներ հնչեցնել իմ հասցեին: Հասկացա, որ անիմաստ է իրենց հետ երկխոսության գնալը: Ծանր ապրումների ու հոգեբանական ոչ կայուն վիճակին գումարվեց նաև հղիությանս փաստը: Եթե շատ մարդիկ ուրախանում են այդ փաստից, ապա ես այդ պահին տխրեցի ու դեպրեսիան ինձ մոտ ավելի խորացավ, քանի որ չէի ուզում երեխա ունենալ հենց այդ մարդուց: Կյանքիս դժվարին որոշումը կայացրեցի: Հիվանդանոցում հեռացրեցի դեռ չձևավորված պտուղը: 5-րդ ամսում, հասկանալով, որ անօգուտ է ինչ-որ դրական փոփոխության  իմ պայքարն այդ ընտանիքում՝ հեռացա, առանց երկմտելու, առանց խղճի խայթի: Պաշտոնապաես ամուսնալուծվեցինք: 26 տարեկան էի այդ ժամանակ: Երկար ժամանակ խորը վշտի մեջ էի: Չէի հասկանում ի՞նչ եմ ուզում այս կյանքից, ինչո՞վ եմ ուզում զբաղվել: 3 տարի անց, երբ արդեն փոքրիշատե մեղմվել էր ցավը նախորդ ամուսնությունից, հանդիպեցի մեկ այլ մարդու, ով նման չէր նախկինիս: Այս ամուսինս ավելի սիրալիր, ավելի բարի, հոգատար էր իմ նկատմամբ: Ես նրան պատմեցի նախորդ ամուսնուս, նրա ընտանիքի ու հեռացված պտղի մասին: Ասաց՝ կարևորը այն զգացմունքն է, որը ինքը տածում է իմ հանդեպ: 6 ամիս հետո ես կրկին հղիացա, այս անգամ երջանիկ էի, քանի որ այս երեխան սպասված էր և իմ սիրելի մարդուց: Ինչպես և կարգն է, անալիզների ուղարկեցին: Ասացին՝ օտար մարմին են հայտնաբերել արյանս մեջ: Չհասկացանք, թե ինչ է նշանակում դա: ԻՀԱԿ-ում միայն հաստատվեց, որ արդեն շուրջ մեկ տարի էր ես ապրում էի ՄԻԱՎ-ով: Անկեղծանամ ու ասեմ, որ չէինք իմանում դա ինչ հիվանդություն է, քանի որ երբեք չէինք լսել դրա մասին: Բարեբախտաբար ամուսնուս մոտ պատասխանները բացասական էին: Չնայած այդ ամենին մենք միասին էինք:  8 տարի ամուսնական կյանքի ընթացքում 3 երեխա ունեցա: Չէի ասի, թե ամեն ինչ հարթ ու հանգիստ էր ընթանում: Պատճառը երկար եմ փնտրել և վերջապես գտել: Ամուսինս չի համակերպվել իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակի հետ: Մեղադրում էր, ասում էր՝ շատ տղամարդկանց հետ եմ եղել, իբր դավաճանել եմ իրեն դրա համար է այդ վարակը փոխանցվել ինձ: Վերջին տարիներին արդեն չարաշահում էր ալկոհոլը, այնքան, որ ֆիզիկական բռնություն էր գործադրում իմ նկատմամբ: Կային օրեր, երբ ջղայնությունը հասնում էր վերջնակետին և նա ծեծում էր անգամ երեխաներին: Մի քանի անգամ հեռացել էի իրենից, բայց գալիս էր, խնդրում էր, որ վերադառնամ: Գնում էի, բայց ոչինչ էլ չէր փոխվում: Վերջնական որոշումս կայացրեցի մեր համատեղ կյանքի 8-րդ տարում: Ամուսնալուծվեցի: Կրկին իր մոտ վերադառնալու ցանկություն չունեմ, չեմ էլ մտածում այդ մասին: Հիմա ես կցված եմ ՀՌՎ բուժմանը: Երեխաներս մեծանան, արդեն աշխատանք կփնտրեմ: Ուզում եմ աշխատել: Հիմա իմ կյանքի իմաստը երեխաներս են: Այն աղջիկներին ու կանանց, որոնք այժմ անցնում են այն ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել կասեմ մի բան. մի հավատացեք բռնարարի խոսքերին: Եթե ձեզ չեն հարգում, չեն էլ հարգի, եթե ձեր մասին հոգ չեն տանում, չեն էլ տանի, եթե ձեզ ծեծում են, այդպես էլ կշարունակվի: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: