Announcements

We are called to change the world

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անթույլատրելի է անձնական տվյալների ապօրինի տարածումը կամ խտրական խոսքի դրսևորումն ուղղված իրական կամ ենթադրյալ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ 

Վերջին օրերին սոցիալական հարթակներում և զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվում են տարբեր նյութեր և տեղեկատվություն, որոնք պարունակում են որոշակի անձնական տվյալներ՝ իրական կամ ենթադրյալ թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ։ Նյութերն ու մեկնաբանությունները զուգակցվում են խտրականություն և անհանդուրժակություն պարունակող խոսքերով։ 

Մասնավորապես, ԶԼՄ-ներում նշված են այս օրերին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ցույցերին մասնակիցների, նրանց փոխկապակցված անձանց անուն-ազգանուններ, այդ անձանց բնակության վայրեր, և այլն։ Բացի այդ, ըստ տարածվող տեղեկատվության, մատնանշվում է վերջիններիս՝ թմրանյութերի օգտագործման և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված լինելու հանգամանքի մասին։ Միաժամանակ, տարածվող նյութերում վերոնշյալ անձանց և ցույցի մասնակիցներին տրվում է «թմրամոլի» խտրական որակումը։ 

Անընդունելի է հասարակության տարբեր խոցելի խմբերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը՝ պայմանավորված վերջիններիս որոշակի պաշտպանված հատկանիշով, մասնավորապես՝ այս դեպքում անձանց իրական կամ ենթադրյալ թմրամիջոց գործածելու հանգամանքով կամ առողջական վիճակով։

Մենք դատապարտում ենք խտրական կամ անհանդուրժողական խոսքի ցանկացած դրսևորումը, մարդկանց պիտակավորումը և անձնական տվյալների ապօրինի տարածումը։ 
Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զերծ մնալ ատելություն և թշնամանք սերմանող արտահայտություններից, իրականությանը չհամապատասխանող, զրպարտող տեղեկությունների տարածումից։

Կոչ ենք անում հանրային ու քաղաքական գործիչներին զերծ մնալ ատելության խոսքի, քաղաքական դիվիդենտներ բերող, սակայն հանրության համար վտանգավոր և մարդու իրավունքներին հակասող արտահայտությունների տարածումից։

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպություն
Մարդու իրավունքների տուն Երևան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ