Երբ պատրաստվում էի ամուսնանալ, ինչպես   բոլոր  աղջիկները,  այնպես  էլ  ես  երազանքներ ունեի, մտովի պատկերացնում էի իմ նոր ընտանիքը, թե ինչպիսի կին կլինեմ: Ես շատ սիրում էի այն  տղամարդուն, որի հետ պետք  է ամուսնանայի: Ամեն  ինչ  հրաշալի  էր. սիրում  էի,  սիրված  էի, երջանիկ կին էի ինձ համարում:

 Մեր երջանկությունը կարճ տևեց: Նոր էինք պսակվել, որոշ ժամանակ անց ամուսնուս հետ մեր վերջին  երեկոն  հիվանդանոցում անցկացրեցինք…

 Նրա մահից հետո ինձ պատեց խորը հիասթափություն: Հուսահատված էի, արգելեցի ինձ անգամ մտածել սիրո, նոր ընտանիքի, նոր հարաբերությունների մասին:

Իսկ մի քանի տարի անց լսեցի սեփական մահվան դատավճիռը. «Դու վարակված ես ՄԻԱՎ-ով»: Այս բառից անգամ սարսափում էի, արտաբերել չէի կարողանում: Ինձ թվաց, թե վերջն է, ուղղակի իմ կյանքի վերջն է: «Գծեցի» իմ կյանքի թվացյալ սահմանը, որը պիտի ավարտվեր օրեր անց և սկսեցի ապրել այդ սահմանի մեջ:

 «Ինչո՞ւ ես պետք է մեռնեմ անպատիվ մահով: Գուցե հենց վաղը փոխեմ բնակության  վայրը, որ ընտանքիս անդամները չխայտառակվեն իմ մահից  հետո: Մի՞թե սա էր իմ  ամուսնու «նվերը» ինձ: Ինչու՞ ես, ինչու՞ հենց ես: Իսկ  գուցե ինքս վերջ դնեմ իմ կյանքին:   Ես այլևս պետք չեմ հասարակությանը, ոչ մեկին պետք  չեմ»:

 Այս և նմանատիպ մտքերի կծիկ էր դարձել ուղեղս: Երկրագունդը սև մութ ամպ էր, որի  մեջ ես ապրում էի՝ սրտումս խեղդելով անասելի մեծ ցավը: Ուզում էի դուրս բերել  ներսիս եղածը, բայց ինչպե՞ս…

Իմ հիվանդության մասին չէի կարող բարձրաձայնել:    Վերջապես ես ծանոթացա նույն կարգավիճակում հայտնված անձանց հետ, նրանց հետ սկսեցի պարբերաբար հանդիպել և աստիճանաբար համոզվեցի, որ ՄԻԱՎ-ը մահվան դատավճիռ չէ, այլ՝ «խելքը  գլուխը հավաքելու» շրջադարձային փուլ: Շրջադարձ, որի շնորհիվ փոխեցի կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքը: Սկսեցի նկատել գեղեցիկը,  ավելի քիչ ուշադրություն դարձնել վատին: Հասկացա, որ կյանքն անկախ իր տևողությունից հրաշալի հնարավորություն է և պետք է գնահատել ամեն վայրկյանը,  արժևորել այն, նաև` պայքարել հանուն կյանքի:

Միգուցե հարազատների կողմից աջակցությունն ավելի դյուրին դարձներ հիվանդության պատճառած ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները, սակայն որոշեցի, որ միայնության պարագայում ևս պետք է ուժեղ լինեմ և չհանձնվեմ: 

Հիմա երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. «Մի՞թե այս պարզ բաները հասկանալու  համար պետք էր նայել մահվան աչքերին»:

Ինչևէ, ես կրկին ամուսնացել եմ, ապրում եմ նորմալ ու բնականոն կյանքով,  աշխատում եմ, հաճախ եմ ժպտում, օգնում եմ մարդկանց, պայքարում եմ և սիրում եմ կյանքը: