Հայտարարություններ

Մենք կոչված ենք փոխելու աշխարհը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պատեհ առիթ է ևս մեկ անգամ խոսելու ՁԻԱՀ-ի համաճարակի մասին՝  ուշադրությունը կենտրոնացնելով այս ոլորտում իրականացված բարեփոխումների, ձեռքբերումների, մարտահրավերնների մասին, այդ համատեքստում օրենսդրական և սոցիալական ոլորտներում առկա խնդիրների, թերի կատարված աշխատաքների, մարտահրավերների և հետագա անելիքների վրա, որոնք խոչընդոտում են վերջ դնելու ՁԻԱՀ-ի համաճարակին, ինչպես նաև բացասական ազդեցություն են ունենում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի վրա։

2022 թվականը ՀՀ-ում նշանավորվեց նրանով, որ մինչև վերջերս գործող կանոնակարգերով, որոշ հիվանդություններ ունեցող անձանց չէր թույլատրվում տեղավորել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, ինչն առաջացնում էր բազմաթիվ խնդիրներ խնամքի կարիք ունեցող մեր հայրենակիցների համար՝ հաճախ հանգեցնելով անելանելի իրավիճակների: Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով վերացվել են ՄԻԱՎ և ոչ մանրէազատ տուբերկուլոզ ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու նախկինում գործող հիմքերը: 

Այդուհանդերձ, այսօր էլ, 2022 թվականի Դեկտեմբերի 1-ին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում․

  • դեռևս գործում են խտրականացնող և քրեականացնող իրավակարգավորումներ, որոնք առավել խոցելի են դարձնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային խմբերին

  • չեն տրամադրվում գենդերազգայուն ծառայություններ, որոնք կնպաստեն ՄԻԱՎ-ի նկատմամաբ հետազոտությունների ավելացմանը 

  • մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ամբողջական ծառայության հասանելիության պայմաններում ծնվում են ՄԻԱՎ-ով ապրող երեխաներ և չեն պատժվում համապատասխան կառույցները և անհատները

  • ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ խտրականության են ենթարկվում ինչպես անհատական սոցիալական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներում, անգամ առողջապահական հաստատություններում, և ոչ ոք չի պատժվում դրա համար

  • չկան հետադարձ կապի մեխանիզմներ, որոնց կիրառմամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կկարողանան ինքնուրույն վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները՝ առանց կրկնակի զոհայնացման

  • չեն իրականացվում բավարար կրթական և հանրային իրազեկման միջոցառումներ ինչպես երիտասարդների, այնպես էլ լայն հասարակության շրջանում, ինչի արդյունքնում ամեն օր ունենում ենք ՄԻԱՎ-ի արձանագրված նոր դեպքեր, որոնցից 30-40 տոկոսը բացահայտվում են ՁԻԱՀ-ի փուլում։


Ինչպե՞ս կանգնեցնել ՁԻԱՀ-ի համաճարակը․

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագիրը կոչ է անում վերացնել անհավասարությունները, որոնք խոչընդոտում են  ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարին որպես հանրային առողջության սպառնալիքի մինչև 2030 թվականը՝ ուշադրության կենտրոնում պահելով և առաջնահերթություն տալով այն մարդկանց, ովքեր հասանելիություն չունեն ՄԻԱՎ-ի բուժման ծառայություններին։

Մենք որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հիմնախնդիրներով աշխատող կազմակերպություն, կոչ ենք անում․

  • Վերացնել խտրականացնող և քրեականացնող իրավակարգավորումները

  • Մշակել և ներդնել գենդերազգայում ծառայություններ՝ ներգրավելով համապատասխան փորձագետների, կանանց և աղջիկների

  • Ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն

  • Մշակել և ներդնել հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ՝ խտրականության դեպքերն արձանագրելու և համապատասխան արձագանք տալու համար

  • Մարդու իրավունքների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ լայնածավալ կրթական աշխատանքներ իրականացնել բուժաշխատողների շրջանում 

  • Հետևողականորեն պատժել ՄԻԱՎ-ի հիմքով իրավախախտման և խտրականության յուրաքանչյուր դեպքի համար

  • Դպրոցներում ներդնել սեռական կրթություն և դաստիարակություն՝ ապահովելով համապատասխան որակավորում ունեցող մանկավարժներով

  • Ի վերջո, վերջ դնել անհավասարությունների՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդում։


«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության տեսլականն անփոփոխ է․ ունենալ իրավահավասարության և ներառականության սկզբունքների վրա հիմնված հասարակություն, որտեղ լիարժեք իրացված է խոցելի խմբերի առողջության իրավունքը։

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր