Առաջին ամուսնուս հետ ոչ մի դրական հիշողություն չունեմ: Ինչպես և սովորաբար է լինում, մինչ ամուսնությունն ամեն ինչ հարթ ու հանգիստ էր, բայց հենց ամուսնացանք սկսեց բռնություն գործադրել՝ ֆիզիկական, հոգեբանական: Դրան էլ գումարենք այն, որ երեխա ունենալ չէր ստացվում մեզ մոտ: Երիտասարդ էի, մտածում էի՝ արդյո՞ք նման կյանքի համար եմ ծնվել, արդյո՞ք հնարավոր չէ փոխել ինչ-որ բան: Երկար մտորումներից հետո եկա այն եզրահանգման, որ պետք է ամուսնալուծվեմ: Առաջին ամուսնությունը խոր հետք էր թողել իմ հոգեկան առողջության վրա: Ծնողներս այդ ժամանակ ապրում էին Լեհաստանում: Տեղափոխվեցի այնտեղ: Ամիսներ անց սկսեցի շփվել արդեն 2-րդ ամուսնուս հետ: Միանգամից համընկավ իմ ու իր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Երջանիկ էինք: Ամուսնացանք: 

Մեկ տարի հետո պարզվեց, որ վերջինս թմրամիջոց օգտագործող է: Դա ինձ չվախեցրեց, մտածում էին դե ինչ կա որ, կդադարեցնի օգտագործելը երբ ցանկանա, չէի պատկերացնում ողջ էությունը։: Այդ ժամանակ, իհարկե կախվածություն չառաջացավ: 

Օրերից մի օր Լեհաստանում ձեռքի բարդ կոտրվածք եմ ստանում: Հուսահատված էի, տխուր. ամուսնուս խնդրեցի, որ թմրանյութից ինձ համար էլ հավաքի և ներարկի: Կտրուկ մերժեց, բայց ինձ հաջողվեց համոզել նրան: Այդ պահից սկսած ես սիրահարվեցի դրան: 5 տարի ապրեցինք Լեհաստանում և օրվա մեջ 2-3 անգամ ներարկում էինք: Հետո սկսեց մի նոր բարդ փուլ մեր կյանքում: Խնդիրներ ունեցանք ուժային կառույցների հետ: Ամուսնուս դատապարտեցին 6 ամսվա ազատազրկման, իսկ ինձ վտարեցին Լեհաստանից՝ Հայաստան: Ծնողներս իմացել էին այդ ամենի մասին: Շատ սուր և կտրուկ արձագանքեցին՝ հատկապես մայրս: Հասավ նրան, որ վերջինս նաև ապտակեց ինձ: Մի կողմից ջղայնանում էր, մյուս կողմից էլ լացելով գրկում ու ասում էր, որ ես այդպիսին չէի, ինչու՞ ընտրեցի այս ճանապարհը: Ես չունեի այդ հարցի պատասխանը: Վերադարձա Հայաստան:

6 ամիս անց ամուսինս էլ հասավ Հայաստան: Համատեղ կյանքի ընթացքում ունեցանք 2 երեխա: Ասեմ, որ հղիության ընթացքում ես չէի օգտագործում թմրանյութ: Այժմ զավակներս հասուն մարդիկ են: Մենք էլ ամուսիններով այժմ փոխարինող բուժմանն ենք կցված՝ Մեթադոն ենք ստանում: 

Զղջու՞մ եմ իմ ապրած կյանքի համար, թե՞ ոչ. պահ է գալիս այո, զղջում եմ, հատկապես, որ նման ապրելակերպի պատճառով հիմա առողջական խնդիրներ ունենք: Թմրամիջոց օգտագործողների մասին շատ վատ կարծիք ունի հասարակությունը: Հասկանում եմ նրանց մտահոգությունը, բայց ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որոնք դա անում են պահպանելով սահմանված բոլոր կանոնները, ոչ ոքի վնաս չեն տալիս, խնդիրներ չեն ստեղծում: Ինչ անում են, իրենց են անում։ Հասկացել եմ, որ խտրական վերաբերմունքը չպետք է տեղ ունենա մեր կյանքում՝ սոցիալական ոչ մի խոցելի խմբի նկատմամբ, որորվհետև դրանից ծնվում են բազում արատավոր երևույթներ, որոնք քանդում են մեր հասարակությունը ներսից: