Հունիսին Ծրագրի փորձագետները մշտադիտարկում են կատարել Վայքի ԲՄ, որին մասնակցում էր տնօրենը, այնուհետև պոլիկլինիկայի ղեկավարը, պալիատիվ բժիշկը։ Բուժհաստատությունը սպասարկում է մոտ 20,000 բնակչության։ Վայքի ԲՄ ստացել է լիցենզիա պալիատիվ բժշկական օգնություն իրականացնելու համար։ Այցի պահին ունեին հաշվառված ավելի քան 240 օնկոպացիենտներ, որոնցից ոչ մեկ օփիոիդ չէր ստանում։ Հայտնվեց, որ «սկզբի համար» տրամադոլ են նշանակում, հանձնաժողովով են դուրս գրում, թեև որևէ իրավական պահանջ չկա։ Թեև նշվեց, որ բոլոր բժիշկները, այդ թվում՝ ընտանեկան բժիշկները, նյարդաբանները, վիրաբույժները կարող են ինքնուրույն նշանակել, սակայն հիմնականում օնկոլոգն է դուրս գրում։ Այս պահին մոտ 5 պացիենտ ունեն, որ տրամադոլ են նշանակում, որը տրվում է սովորաբար մոտ 5 հատ՝ մեկ շաբաթվա կամ 10 օրվա համար, այն էլ՝ հաշվի առնելով պացիենտի գտնվելու վայրը, այսինքն, հեռավոր վայրերում բնակվող պացիենտներին տրամադրվում է ավելի երկար ժամկետով։
Բուժհաստատությունն օրամորֆ չունի, մի քանի ամիս առաջ պահանջարկ են ներկայացրել, սակայն նշվում է, որ մերժել են։ Հիմնականում սուր և անհետաձգելի դեպքերում, շտապ օգնության ժամանակ կամ օնկոպացիենտներին են տրամադրում օփիոիդային ցավազրկողներ։ Ոստիկանության հետ այս պահին խնդիրներ չկան, միակ առնչությունը լիքը սրվակների ոչնչացման ընթացքում է լինում։ Նախկինում, մինչև թմրամիջոցների դուրս գրման կարգի փոփոխությունը, ոստիկանները տեղեկանում էին թմրամիջոցների նշանակման, չափաքանակի և պացիենտների մասին։
Պալիատիվ օգնության շրջանակներում սպասարկվում է 17 պացիենտի, որոնք հիմնականում օնկոպացիենտներ են, սակայն ցավային համախտանիշն այն վիճակում չէ, որ օփիոիդային ցավազրկողների կարիք ունենան։ Պալիատիվ օգնությունը կազմակերպվում է մոբիլ խմբով՝ տնայցեր կատարելով, ինչպես նաև՝ արտահիվանդանոցային ձևով, պացիենտները հաճախում են բուժհաստատություն։ Սակայն չունեն սոցիալական աշխատող և հոգեբան։ Ունեն 4 ընտանեկան բժիշկ, կարիքի դեպքում գնում են պացիենտի տուն՝ ցավի գնահատում են իրականացնում։
Հայտնվում էր, որ գյուղական համայնքներում մասնագետներ չկան, ամբողջ մարզում առկա է մեկ ռևմատոլոգ-անասթեզեոլոգ։