Ի՞նչ խնդիր է ծրագիրը փորձում լուծել
Ծրագիրը փորձում է լուծել տուբերկուլոզ ունեցող անձանց բուժման հետևողականության բացակայության, հսկողությունից դուրս մնալու, ինչպես նաև տուբերկուլոզի հետ կապված խարանի և խտրականության խնդիրները։ Այն աջակցում է տուբերկուլոզ ունեցող անձանց՝ հաղթահարելու բուժման ընթացքում առաջացող սոցիալական, հոգեբանական ու կրթական խոչընդոտները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը և բուժման արդյունավետության մակարդակը։
Որո՞նք են ծրագրի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները
Նպատակները՝
- Բուժման հետևողականության մակարդակի բարձրացում։
- Հսկողությունից դուրս մնացած տուբերկուլոզ ունեցող անձանց թվի նվազեցում։
- Տուբերկուլոզի հետ կապված խարանի և խտրականության նվազեցում։
- Տուբերկուլոզ ունեցող անձանց և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Ակնկալվող արդյունքները՝
- Ավելի շատ տուբերկուլոզ ունեցող անձինք կունենան բուժման արդյունավետ ավարտ։
- Կնվազի խարանն ու խտրականությունը։
- Բուժման ընթացքում տուբերկուլոզ ունեցող անձինք ավելի պաշտպանված կլինեն սոցիալ-տնտեսական ու հոգեբանական ռիսկերից։
Ի՞նչ գործունեություններ են իրականացվում ծրագրի շրջանակում
- Տուբերկուլոզ ունեցող անձանց և նրանց ընտանիքների կարիքների գնահատում՝ կրթական, սոցիալական և հոգեբանական տեսանկյունից։
- Սոցիալական խորհրդատվություն՝ զբաղվածության, սոցիալական պաշտպանվածության, հաշմանդամության և այլ հարցերով։
- Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն, կարիքի դեպքում թերապիայի իրականցում։
- Տուբերկուլոզի վերաբերյալ կրթական դասընթացների իրականացում՝ տուբերկուլոզ ունեցող անձանց ու նրանց ընտանիքների համար։
- Դեղակայուն տուբերկուլոզ ունեցող առավել խոցելի անձանց՝ սննդի փաթեթների և ֆինանսական օժանդակության տրամադրում։
- ՏԲ կաբինետների բուժքույրերի խորհրդատվական կարողությունների ամրապնդում։
- Իրազեկման, ջատագովության, խտրականության և խարանի նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ։
Ո՞վ կարող է օգտվել ծրագրի ծառայություններից
Ծառայությունները նախատեսված են հակատուբերկուլոզային բուժումը ամբուլատոր փուլում սկսած կամ հիվանդանոցային փուլից ամբուլատոր փուլ անցած տուբերկուլոզ ունեցող անձանց համար։
Ինչպիսի՞ աջակցություն կամ հնարավորություններ է տալիս ծրագիրը տուբերկուլոզ ունեցող անձանց
- Անհատական կարիքների վրա հիմնված սոցիալական խորհրդատվություն և աջակցություն։
- Հոգեբանական աջակցություն՝ բարելավելու հուզական վիճակը և ուժեղացնելու բուժման հետևողականությունը։
- Գիտելիքների և հմտությունների փոխանցում՝ հիվանդության հաղթահարման և բուժման արդյունավետության բարձրացման համար։
- Սննդային և սոցիալական աջակցություն՝ առավել խոցելի խմբերի համար։


