Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2025-ին հրապարակեց ՄԻԱՎ-ի և սեռավարակների կանխարգելման, թեստավորման, բուժման ու ծառայությունների մատուցման նոր ուղեցույցներ։ Դրանք նպատակ ունեն բարելավել առողջապահական ոլորտը, ընդլայնել ծառայությունների հասանելիությունը և ապահովել, որ հատկապես խոցելի խմբերը չմնան ուշադրությունից դուրս։ Նոր առաջարկությունները կենտրոնանում են առողջապահական համակարգի պարզեցման ու մարդու ընտրության իրավունքի վրա։ ՄԻԱՎ-ի կանխարգելման համար ներդրվել է նոր մոտեցում՝ երկարատև ազդեցություն ունեցող նախակոնտակտային դեղամիջոց, որը մեկ ներարկմամբ պաշտպանում է վեց ամիս շարունակ։
Բուժման ոլորտում առաջարկվում են նոր, պարզեցված սխեմաներ՝ երկբաղադրիչ ՀՌՎ (դոլուտեգրավիր և լամիվուդին) կամ երկարատև ազդեցությամբ ներարկային տարբերակներով։ Սա հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ավելի հեշտ պահպանել բուժման շարունակականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նորածինների և կրծքով կերակրող մայրերի առողջությանը։ ԱՀԿ-ն առաջարկում է, որ այն մայրերը, ովքեր հակառետրովիրուսային բուժում են ստանում և ունեն չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն, կարողանան ազատ ընտրել՝ կրծքով կերակրել իրենց երեխային, թե ոչ։ Նրանց համար նախատեսվում է աջակցություն ինչպես բուժհաստատություններում, այնպես էլ համայնքում՝ խորհրդատվության, հոգեբանական աջակցության և բուժման հավատարիմ մնալու վերահսկման միջոցով։
ԱՀԿ-ի նոր ուղեցույցները շեշտում են նաև, որ ՄԻԱՎ ունեցող կանանց համար կեսարյան հատումը պարտադիր պայման չէ, եթե վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող է։ Եթե մայրը ստանում է հակառետրովիրուսային բուժում և վիրուսային ծանրաբեռնվածությունը ցածր է, ապա նա կարող է անվտանգ իրականացնել բնական ծննդաբերություն։ Հայաստանի Հանրապետությունում ևս ընդունված է, որ եթե վիրուսային ծանրաբեռնվածությունը ցածր է 50-ից, ՄԻԱՎ ունեցող կանայք կարող են ծննդաբերել բնական ճանապարհով՝ առավել ինտենսիվ մշտադիտարկման իրականացումով։ Ավելին կարող եք կարդալ այստեղ։
ԱՀԿ ուղեցույցները նաև կարևորում են ծառայությունների ինտեգրումը։ ՄԻԱՎ-ի հետ մեկտեղ առաջարկվում է համատեղել շաքարային դիաբետի, բարձր ճնշման և հոգեկան առողջության խնամքը։ Նույն տրամաբանությամբ սեռավարակների կանխարգելման ու բուժման ծառայությունները պետք է դառնան ավելի հասանելի և նորարարական։ Առանձին ուշադրություն է դարձվում mpox-ով վարակված և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Նրանց համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հակառետրովիրուսային բուժումը սկսել հնարավորինս շուտ՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Այս փոփոխությունները ոչ միայն բարձրացնում են բուժօգնության արդյունավետությունը, այլև նպաստում են հավասարությանն ու մատչելիությանը՝ ապահովելով մարդկանց առողջ և արժանապատիվ կյանք ապրելու հնարավորություն։
ԱՀԿ նոր ուղեցույցների ամբողջական տարբերակները կարող եք գտնել այստեղ։


