Երկրորդ երեխայիս էի սպասում: Բժշկական հերթական ստուգումների ժամանակ իմացա, որ վարակված եմ ՄԻԱՎ-ով: Դրան հաջորդեց ավելի ցավոտ և անտանելի հարված. պարզվեց, որ առաջին երեխաս էլ է վարակված: Առաջին հիության ժամանակ չեմ իմացել, քանի որ այդ տարիներին համապատասխան հետազոտություն չեն կատարել:

Հարազատներ չունեինք: Ամուսնուս հետ երկուսով էինք հաղթահարում ամեն ինչ: Ամուսինս ՄԻԱՎ-ից բացի ուներ նաև շաքարային դիաբետ: Մի քանի ամիս անկողնային հիվանդ էր: Ես խնամում էի  նրան, երեխաներիս, նաև աշխատում էի: Այդ տարիների իմ միակ և հիմնական աջակիցը մեր բժշկուհին էր, ամեն ինչ բացատրում էր, օգնում էր հաղթահարել ցանկացած դժվարություն: Պակաս կարևոր չէր ամուսնուս աջակցությունը: Նա առաջադեմ հայացքներ ուներ, հասկացող և հոգատար էր: Մենք կանխարգելող միջոցներ ձեռք առանք, և մեր երկրորդ երեխան ծնվեց առողջ:

Ամուսինս ՀՌՎ բուժում չկարողացավ ստանալ, քանի որ այլ երկրի քաղաքացի էր, նրա մահից հետո սկսվեց մի նոր բարդ շրջան: Երեխաներս փոքր էին, հոր բացակայությունը ծանր էին տանում: Ինձ համար շատ դժվար էր միայնակ կրել մեր հիվանդության գաղտնի բեռը: Չունեի ոչ ոք, ում հետ կարող էի կիսվել:

Հետո ես հանդիպեպցի իմ այժմյան ամուսնուն: Մենք երրորդ երեխան ունեցանք, որը կրկին կանխարգելող միջոցների շնորհիվ ծնվեց առողջ:

Մեկ այլ բարդ շրջափուլ էր ավագ երեխայիս դպրոց ուղարկելը: Վախերը կրկին գլուխ բարձրացրին. ի՞նչ կլինի, եթե դպրոցում իմանան նրա կարգավիճակի մասին, ինչպե՞ս երեխան կհաղթահարի այդ ամենը: Փառք Աստծո, այս դժվարությունների ժամանակ մեր կողքին հայտնվեց ԻԱԻՄ ՀԿ-ն իր ամբողջ մասնագիտական թիմով. մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբան, որոնք աջակցեցին բոլոր հարցերում՝ կրթական, ինտեգրման և հոգեբանական: Հիմա երեխաս բավականին հաջողությունների է հասել: Շատ հեղինակավոր դպրոցում է սովորում ու բարձր առաջադիմություն ունի: Իմ սպասելիքները և նրա ապագայի մասին պատկերացումները լիովին փոխվել են, ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ:

Թեև բազում փորձություններ եմ հաղթահարել, բայց ներքուստ չեմ կարողանում հաշտվել երեխայիս վարակված լինելու փաստի հետ: Մեծ հույս ունեմ, որ մի օր կլինի արմատական բուժման հնարավորություն, և երեխաս կբուժվի: Երբեմն նա հիշում է իր հորը, կարոտում է, հուզվում: Փորձում եմ նրան ընկեր լինել, աջակցել: Նա անպայման փոխադարձում է և օգնում ինձ արդեն հասուն մարդու պես:

Ես ինքս ծանր եմ տարել բոլոր իմ դժվարությունները՝ խորը, ցավոտ ապրումներով և վախերով: Մաղթանքս է, որ եթե նման իրավիճակում լինեք, միշտ լավատես եղեք և հույսը մի կորցրեք: Շատ մի կենտրոնացեք հիվանդության վրա, պարզապես ապրեք: Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ընտանիքս: Երազանքս է, որ երեխաներս ուսում ստանան, հասնեն իրենց նպատակներին: Ես էլ նրանց կողքին լինեմ, տեսնեմ նրանց հաջողությունները: