Երազում էի ամուսնության մասին: Երազում էի ունենալ գեղեցիկ ու մեծ ընտանիք, ապրել երջանիկ: Օրերից մի օր երազանքս իրականացավ: Ապագա ամուսնուս հետ ծանոթացա՝ ՌԴ-ից էր եկել: Անկեղծանամ և ասեմ, որ չգիտեի ինչով էր զբաղվում ՌԴ-ում, ի՞նչ առօրյայով էր ապրում: Այն ժամանակ կարծես թե նման հարցերն էլ էական ու կարևոր չէին: Պաշտոնապես ամուսնացաք և միասին մեկնեցինք ՌԴ: 

Որոշ ժամանակ համատեղ կյանքով ապրելուց հետո, նկատեցի, որ աշխատանքից տուն էր գալիս չափից դուրս՝  հոգնած, ֆիիզիկապես և հոգեպես ուժասպառ: Չէի հասկանում ո՞րն է պատճառը նման պահվածքի: Դիմեցի իր ծնողներին՝ ասելով, որ տարօրինակ պահվածք եմ նկատում ամուսնուս մոտ: Նրանք էլ հերքում էին, որ ես եմ չափազանցնում, ոչինչ էլ չկա և, որ գնամ ու հանգիստ ապրեմ: Նրանք չէին էլ ուզում անգամ լսել ինձ, ընդհակառակը մեծարում էին իրենց որդուն: Օրերից մի օր ամուսնուս բարեկմաներից մեկն ինձ ասաց, որ ամուսինս թմրամիջոցներ է օգտագործում: Ասել, որ ես հուսահատված, վախեցած ու զարմացած էի, դա կնշանակի՝ ոչինչ չասել: Չէի կարողանում ոչ մեկի հետ կիսվել: Ծնողներս մահացել էին, իսկ իմ հարազատները՝ քույրս, եղբայրս Հայաստանում էին այդ ժամանակ: Որոշ ժամանակ անց իմացա, որ հղի եմ: Միակ լուսավոր կետն էր այդ մութ տարիներին: Առողջ երեխա ունեցա: Բայց երջանկությունս կարճ տևեց: Որոշ ժամանակ հետո իմացա, որ առողջական խնդիրներ ունեմ: Դիմեցի բժշկի և ինձ ուղեգրեցին ՁԻԱՀ կենտրոն: Չգիտեի դա ինչ է, պատկերացում անգամ չունեի: Դուրս եկա բժշկի սենյակից, իմ և ամուսնուս ընդհանուր ծանոթներից մի կին էր նստած: Դիմեցի նրան, այն ակնկալիքով, որ վերջինս պատմի, թե ի՞նչ է դա: Նա էլ հեգնանքով ասաց՝ գնա, քո ամուսինը լավ գիտի դա ինչ է: Հուսահատված էի: Եկա տուն և միանգամից հարցրի ամուսնուս դրա մասին: Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, վերջինս վախվորած ինձ էր նայում և չէր կարողանում հստակորեն պատասխանել իմ հարցերին: Հաջորդ օրը միասին այցելեցինք ՁԻԱՀ-ի կենտրոն թեստավորվելու, այնուհետև մի քանի օր հետո մեր տան դուռը թակեցին: Բացեցի, դիմացս ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակցուհին էր կանգնած, մեր թեստի պատասխաններն էր բերել: Հաստատվեց: Ես ու ամուսինս ՄԻԱՎ ունեինք: 

Այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Արևոտ օր էր, ջինջ երկնքով: Այդ պահին կյանքս կանգ առավ: Մտքիս միայն մի բառ էր գալիս՝ մահ: Այն ժամանակ չգիտեի, որ գոյություն ունի ՀՌՎ բուժում, որը թույլ է տալիս ապրել երկար ու լիարժեք կյանքով: Արցունքներս ինքնստիքյան սկսեցին հոսել, իսկ ՁԻԱՀ կենտրոնի աշխատակցուհին և ամուսինս փորձում էին հանգստացնել ինձ, բայց ես կարծես չէի էլ լսում իրենց: 

Ամուսնուս ընտանիքն իմացավ մեր ՄԻԱՎ կարգավիճակի մասին: Իմացանք, որ ամուսնուս շրջապատից մի քանի հոգի ևս ունեն ՄԻԱՎ: Որոշ ժամանակ անց լսեցինք, որ վերջիններս հերթով մահանում էին, իսկ կիսուրս էլ պահը բաց չէր թողնում ամեն անգամ գալիս ու տեղեկացնում էր դրա մասին, կարծես ամեն անգամ հիշեցնելով, որ մենք էլ ենք շուտով մահանալու: Խնդրեցի նրան, որ այլևս չպատմի ինձ այդ պատմությունները: ՄԻԱՎ դրական կարգավիճակին էլ գումարվեց ֆիզիկական և հոգեբնական բռնությունը ամուսնուս կողմից: Պահ էր լինում, երբ նա թմրամիջոց գնելու համար գումար չէր ունենում և ստիպում էր ինձ, որպեսզի ես ինքս գտնեմ իր համար: Հիշում եմ, թե մի օր ինչպես տարավ ամայի մի տեղ, ծեծեց ինձ և ասաց, որ գումար հայթհայթեմ իր համար: Ասում էր՝ կարող եմ սպանել քեզ, թաղել այստեղ և ոչ ոք չի գտնի ու չի հիշի քո մասին: Չէի կարողանում ոչ ոքի պատմել այդ ամենի մասին: Այն ժամանակ չկային սմարթֆոններ, միայն  փոստից կարող էիր զանգ կատարել, իսկ այդ ժամանակ ամուսինս միշտ կողքիս էր և ես քրոջս ու եղբորս հետ խոսելիս չէի կարողանում անկեղծանալ: 

Ես պարտաճանաչ ընդունում էի ՀՌՎ բուժումը ՌԴ-ում, իսկ ամուսինս՝ ոչ: 

2 տարի հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ: Հիվանդանոցում ասացին, որ այլևս ոչնչով չեն կարող օգնել, մահամերձ էր: Որոշեցինք Հայաստան տեղափոխել: Այնքան ծանր էր ամուսնուս վիճակը, որ օդանավակայանում վախենում էին, քանի որ մտածում էին, որ թռիչքի ժամանակ կարող է մահանալ: Եկանք Հայաստան և 4 օր անց ամուսինս մահացավ: Իր բարեկամներին ասացինք, որ ավտովթարից է այդ վիճակին հասել: Չգիտեին կարգավիճակի մասին: 

Ես շարոնակում էի ապրել կիսուրիս հետ: Տեղափոխվեցինք Հայաստան: Ապրում էի կիսուրիս հետ: Բայց այստեղ ես ամաչում էի գնալ և կցվել բուժմանը, քանի որ մտածում էի, եթե գնամ ՁԻԱՀ-ի կենտրոն բոլորը կսկսեն խոսել իմ մասին, կիմանան, որ ես ունեմ ՄԻԱՎ: Երբ արդեն մի օր մրսածությունս չէր անցնում և չէի կարողանում նորմալ տեղաշարժվել, հասկացա, որ պետք է գնամ բժշկի: Եվ, այդպես կրկին 2008 թվականին կցվեցի ՀՌՎ բուժմանը և մինչ օրս էլ շարունակում եմ պարտաճանաչ ընդունել և զգում եմ ինձ առողջ: Կիսուրս ամեն անգամ փնթփնթում էր, կարծես նաև նախանձում էր, որ ես ողջ եմ, իսկ իր որդին՝ ոչ: Նա տեսավ, որ ՄԻԱՎ-ից չեն մահանում, որ կարելի է ապրել երկար ու լիարժեք: 

Շուտով ես առանձնացա դստերս հետ: Կյանքս դասավորվեց: Ամուսնացա 2-րդ անգամ: Ամուսինս գիտեր իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, ընդունեց ինձ այնսպիսին՝ ինչպիսին կամ: Երբ դուստրս պատանի տարիքի հասավ, իրեն էլ բացատրեցի ամեն ինչ: Հիմա ես երջանիկ եմ: 

Երկար ճանապարհ եմ անցել մինչև դրան հասնելը: Կյանքը լի է անակնկալներով և պետք է ուժեղ լինել ցանկացած իրավիճակում: Կարևորը՝ չկորցնել հավատը սեփական ուժերի ու կարողությունների հադնեպ: