Ամուսնացել եմ իմ ընտրությամբ, դեռ այն ժամանակ, երբ կյանքի կարևորն ու անկարևոն իրարից չէի տարբերում: Չէի գիտակցում ամուսնության ողջ պատասխանատվությունը, թվում էր, թե ամեն բան հարթ պետք է ընթանա, բայց ամեն ինչ գլխիվայր փոխվեց այն պահից, երբ արդեն պաշտոնապես գրանցեցինք մեր ամուսնությունը: Ընդամենը մի քանի ամիս հետո կարծես այլ մարդ լիներ ամուսինս: Սկսեց բռնություն կիրառել իմ նկատմամբ՝ հոգեբանական ու ֆիզիկական, սկսեց հարաբերություններ ունենալ այլ կանանց հետ: Ես էլ՝ որպես երիտասարդ կին, իհարկե խանդում էի, ստորացված էի զգում ինձ, բայց այդ պահին անզոր էի: Ինչ որ պահից սկսած սկսեց բռնություն գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այդժամ սկսեցի խորհել ամուսնալուծության մասին, բայց ամեն անգամ ամուսինս խնդրում էր, որպեսզի չդիմեմ այդ քայլին, ասում էր՝ կփոխվի, այլևս առաջվանը չի լինի, բայց ավաղ, սին հույսերով էի պատում ինձ, ոչինչ չփոխվեց: Շարունակվում էր ամեն ինչ իր հունով, դեռ ավելին՝ կրկնակի վատ սցենարով, բայց որևէ տեղ չկար, որ օգնության դիմեի, կամ գուցե կար, պարզապես ես չգիտեի։ 

Մեր հարաբերությունների հետ զուգահեռ օր օրի վատթարանում էր նաև առողջական վիճակս, չէի հասկանում ինչ է կատարվում ինձ հետ, մեկ-երկու քայլ անելուց հետո անգամ հոգնում էի, ախորժակ չէի ունենում, կիլոգրամներ էի կորցնում: Հասա այն կետին, որ անգամ վախենում էի ինձ հայելու մեջ նայել: Ծայրահեղ վիճակում դիմեցի բժշկի: Եվ, պարզվեց արդեն երկար ժամանակ է ես ապրում եմ ՄԻԱՎ-ով, որն արդեն հասցրել է քայքայել իմունային համակարգս: Ամուսինս էր ինձ վարակել:  Ընդամենը 4 ամիս ԻՀԱԿ (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն) այցելելուց,ՀՌՎ  բուժումից  հետո նորից կյանքի վերադարձա: Փոփոխությունները նկատում էին անգամ ծանոթ-բարեկամներս: Մեկ տարի պահանջվեց ամբողջությամբ վերականգնվելու համար: Այդ ժամանակահատվածում ինձ մեծապես օգնեցին նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն մասնագետները: Օգնեցին շարունակել ապրել, բայց արդեն ՄԻԱՎ-ով, օգնեցին հասկանալ, որ կյանքը չի ավարտվում դրական կարգավիճակով, այլ շարունակվում է նույն կերպ: Իհարկե, իմ ընտանիքը գիտի կարգավիճակիս մասին, ըմբռնումով են մոտենում, բայց փորձում ենք ավելորդ անգամ չանդրադառնալ այդ թեմային, իսկ ես շարունակում եմ ՀՌՎ բուժումը, որպեսզի լիարժեք ապրեմ: 

Չստացված ամուսնությունից, ՄԻԱՎ կարգավիճակս իմանալուց հետո ես հասկացա, որ կյանքը շատ կարճ է և պետք չէ տարիները, ժամանակը ծախսել բռնության միջավայրում, պետք է գնահատել յուրքանչյուր օրն ու ժամը: 

Աղջիկներ ու կանայք, մի հանդուրժեք բռնությունը, մի հանդուրժեք դավաճանությունը, մի հանդուրժեք  մարդկանց դաժան վերաբերմունքը, միայն այն պատճառով, որ այդ պահին օգնություն չկա ոչ ոքի կողմից: Վստահեցնում եմ, եթե այդ պահին չկա, կգտնվի այլ տեղում, բայց հավատացեք, որ դուք միայնակ չեք: Վաղ, թե ուշ կգտնվի այն հենարանը, որին կարող եք ամուր հենվել և զգալ ձեզ պաշտպանված: Եվ, հիշեք՝ միայն տղամարդը չէ, որ ուժեղ է, կանայք  ևս ուժեղ են, պարզապես պատեհ առիթ է պետք այդ ուժը ցուցադրելու համար, իսկ այդ առիթ ստեղծողը՝  մենք ենք: