Չորրոդ բալիկիս էի սպասում։ Պոլիկլինիկա հերթական այցելության ժամանակ բժիշկը ասաց, որ լավ կլինի ևս մեկ անգամ հետազոտվեմ, քանի որ ինձ մոտ ՄԻԱՎ վարակ է ախտորոշվել։ Անկեղծ որ ասեմ ՄԻԱՎ-ի մասին բավարար տեղեկատվություն չունեի, չգիտեի ինչ հիվանդություն է և արդյոք կա բուժում, թե ՝ ոչ։ Շատ ծանր հոգեբանական վիճակում էի, չգիտեի ինչ պետք է անել, ուր պետք է գնալ։ Միայն գիտեի, որ այդ հիվանդությունից մահանում են և, որ բոլորը շատ վատ են վերաբերվում նման մարդկանց։ Ես սարսափում էի այն մտքից, որ ինձ ևս կարող են  վատ վերաբերվել բժշկական հաստատություններում կամ իմ շրջապատում:

Տեղամասային բժշկի ուղեգրով այցելեցի  ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Զարմացած էի բժիշկների հոգատար ու մարդկային վերաբերմունքից։ Երբ խոսեցի բժշկիս հետ իմ վախերի ու ապրումների մասին, նա ինձ խորհուրդ տվեց խոսել մի կնոջ հետ, ով աշխատում էր  «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ կազմակերպությունում որպես հավասար խորհրդատու։ Ես շատ ծանր իրավիճակում էի, և ինձ համար շատ կարևոր էր, որ խոսեմ ինձ նման կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի հետ:

Այդ կինն ինձ շատ օգնեց իր փորձով, նաև բավականին շատ տեղեկատվություն տվեց, որ այդ պահին շատ կարևոր էր ինձ համար։ Ամենակարևոր բանը, որ ես իմացա ու ինձ ուժ տվեց ապրելու, դա այն էր, որ կա բուժում, որի շնորհիվ ես կարող եմ առողջ բալիկ ունենալ ու ապրել երկար, մեծացնել իմ չորս բալիներին։

Թե՛ հոգեբանորեն, և՛ սոցիալապես շատ ծանր իրավիճակում էինք գտնվում։ Շատ դժվար էր ամեն անգամ մարզից Երևան գալ հերթական հետազոտությունների, բուժման և այլ հարցերի համար, քանի որ տեղաշարժման միջոց չունեինք: Երեխաներիս չէի կարողանում կերակրել, ոչ աշխատանք ունեինք, ոչ գումար: Ամուսինս ևս ուներ ՄԻԱՎ կարգավիճակ, բացի դա նաև հաշմանդամություն և COVID-19-ի պատճառով կորցրել էր ժամանակավոր աշխատանքը։ Հայտնվել էինք մի անելանելի վիճակում։

Այդ սարսափելի, անելանելի իրավիճակում ինձ աջակցել է կազմակերպությունը, մեզ մի քանի անգամ սննդի փաթեթ է տրամադրել, որով կարողացել եմ կերակրել երեխաներիս և մեզ, երեխաներիս հագուստ են տրամադրել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն եմ ստացել (50.000 դրամ): Կազմակերպությունը լուծել է իմ տեղաշարժման հարցերը, կարողացել եմ մեր համայնքից գալ Երևան, պարբերաբար բժշկի գնալ, ԻՀԱԿ գնալ և ստանալ ՀՌՎ դեղորայքը, ինչպես նաև կազմակերպել ծննդաբերությունս:

Կազմակերպության սոցիալական աշխատողը աջակցել է նաև, որ ստանամ հղիության 32 շաբաթականում չաշխատող մայրերի նպաստը: Դա մեծ դժվարությամբ կարողացան կազմակերպել, քանի որ COVID-19-ով պայմանավորված պետական համակարգում բազմաթիվ խնդիրներ կար, սակայն մասնագետի ջանքերի շնորհիվ այդ խնդիրը ևս լուծվեց։

Այդ ամենին զուգահեռ նաև մասնագետներն աջակցել են, որպեսզի կարողանամ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներից օգտվել:

Չեմ պատկերացնում ինչպես էի հաղթահարելու այդ դժվարությունները, եթե կազմակերպությունն ինձ ու իմ ընռանիքին չաջակցեր․․․

Փառք Աստծո բալիկս ծնվեց։ Առաջին հետազոտությունների պատասխանները լավ են եկել, հուսով եմ, որ հաջորդներն էլ էդպիսին կլինեն և նա առողջ կլինի: Հիմա ավելի հանգիստ եմ, ինչ որ չափով ընդունել եմ ՄԻԱՎ կարգավիճակս, և այդ դժվար օրերն այլևս անցյալում են։ Հասկանում եմ, որ դեղերը պետք է խմեմ ամեն օր, եթե ուզում եմ ապրել ու ինքս հոգ տանել բալիկսներիս մասին։ Ու ամենակարևորը գիտեմ կան մարդիկ, որոնք պատրաստ են ինձ լսել, աջակցել ու դժվար պահերին հենարան լինել․․․