Արդեն 2,5 տարի է ապրում եմ ՄԻԱՎ-ով: Ամուսնացել  էի 2020 թվականին: Օրերից մի օր իմացա, որ հղի եմ: Ուրախ էինք, մեր ընտանիքում տոն էր: Կանոնավոր այցելում էի բժշկի, որպեսզի ամեն ինչ հարթ ու հանգիստ ընթանա: Ո՞վ գիտեր, որ ճանապարհի կեսից ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Անալիզների պատասխանները եկան: Հենց այդտեղ էլ իմացանք, որ ես ՄԻԱՎ ունեմ: Այդ վիրուսի մասին լսել էի միայն հեռուստացույցով: Լիարժեք պատկերացում անգամ չունեի դրա մասին: Մեզ ուղեգրեցին ԻՀԱԿ, որտեղ էլ հաստատվեց իմ դրական կարգավիճակը: Իմ պատմության մեջ ինձ համար աղոտ է մնում մինչ օրս մեկ պահ. ամուսնուս մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել: Դա կրկնակի հարված էր իմ հոգեկան վիճակին, քանի որ ես վստահ էի, որ վարակվել եմ հենց իրենից: Անկեղծ լինեմ, ես սեռական հարաբերություն ունեցել եմ միայն իր հետ: Զարմանքիս պատճառը հենց դա էր: 
Կարգավիճակս իմանալուց հետո ամուսնուս ընտանիքը սկսեց հոգեբանական բռնություն գործադրել իմ նկատմամբ: Ինձ ասում էին, որ պետք է անհապաղ հեռացնեմ պտուղը, որպեսզի հիվանդ չծնվի երեխան: Ասում էին՝ ամուսնալուծվիր մեր տղայից, որպեսզի նա էլ չվարակվի: Այդ ժամանակ ինձ թվում էր, որ ամուսնուս ընտանիքն ինչ ասի, ես պարտավոր եմ անել, ու արեցի այն ամենն ինչ ինձ հրամայեցին: Հեռացրի պտուղը, որին էլ հաջորդեց ամուսնալուծությունը: Ամուսինս չէր էլ խառնվում իր ծնողների որոշումներին, այդքան ուժ և կամք չունեցավ հակադարձելու նրանց:
Վերադարձա հայրական տուն: Մտածում էի՝ ահա, վերջապես կապրեմ հանգիստ կյանքով, այլևս ոչ մի խտրականություն իմ նկատմամբ չի լինի: Ավա՜ղ, սխալվում էի: Ամուսնուս ընտանիքն ու բարեկամները միանգամից սկսեցին տարածել կարգավիճակիս մասին լուրը: Շատերը իմանալով դրա մասին երես թեքեցին ինձանից: Չեք հավատա, բայց անգամ հարազատ քույրս է այդկերպ վարվել ինձ հետ: Հիմա անգամ չի թողնում, որ իր երեխաներին տեսնեմ, շփվեմ: Ասում է՝ որքան հեռու իր ընտանիքից այնքան իրենք ապահով կլինեն: Իհարկե, ես հասկանում եմ, որ անտեղյակությունն ու անգրագիտությունն է նրանց ստիպում այդ քայլերին գնալ, բայց նրանք չեն էլ ուզում լսել, թե ընդհանրապես դա ի՞նչ վիրուս է և ինչպե՞ս կարող է փոխանցվել դիմացինին: Ավելին ասեմ՝ ես պարտաճանաչ խմում եմ դեղերը և ցանկության դեպքում անգամ չեմ կարող որևէ մեկին փոխանցել ՄԻԱՎ-ը: Այդ շրջանում մեկը մյուսին հաջորդելով բացասական իրադարձություններ էին տեղի ունենում ինձ հետ: Չդիմացա, խորը ճգնաժամ սկսվեց ինձ մոտ: Փրկության լույսը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն էր:
Սկսեցի այցելել փոխօգնության խմբերին, շփվել ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող մարդականց հետ ու հասկացա, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, որ ՄԻԱՎ-ով կարող են ապրել մարդիկ՝ երկար ու լիարժեք: Հասկացա նաև, որ շատ մարդիկ վատ են վերաբերվում ՄԻԱՎ-ին միայն այն պատճառով, որ տեղեկություն չունեն, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Այսօր արդեն ես կայուն հոգեվիճակում եմ: Միակ մտահոգությունս աշխատանքն է, որ ուզում եմ ունենալ, որպեսզի տան միջավայրից կտրվեմ, շփվեմ մարդկանց հետ: Հա ու նաև մեծ երազանք ունեմ. ուզում եմ երեխա ունենալ: Չնայած մայրս դեմ է այդ որոշմանս, բայց այնուամենայնիվ ես շարունակում եմ երազել դրա մասին: Գուցե շատերին անհավանական թվա, որ կգտնվի մեկը ով կընդունի ինձ իմ կարգավիճակով հանդերձ, բայց ես չեմ ընկճվում և կշարունակեմ ապրել լիարժեք կյանքով: Ով գիտի, միգուցե մի օր հրաշք կատարվի նաև ինձ հետ: Չէ՞ որ երազանքները սովորություն ունեն իրականանալու: