Ես ու ամուսինս շատ հաշտ ու համերաշխ էինք։ Երբ արդեն սկսեցինք համատեղ կյանքով ապրել, հարևանները, անծանոթներն անգամ չէին հավատում, որ մենք ամուսիներ ենք, մտածում էին՝ հարազատ քույր ու եղբայր ենք, այդքան մտերիմ էինք մենք իրար հետ։ Ցավոք սրտի ամուսինս անժամանակ հեռացավ կյանքից։ Բժիշկների խոսքով՝ սրտի կաթվածից։ Այդ ժամանակ ոչ իմ, ոչ ամուսնուս հարազատների ու ընկերների մտքով անգամ չէր անցել, որ հնարավոր է մահվան այլ պատճառ լինի։ Ամուսնուս մահից հետո ես խորը դեպրեսիայի մեջ էի, բայց որոշ ժամանակ անց հանդիպեցի մեկին, որի շնորհիվ կրկին սկսեցի զգալ կյանքի շունչը, ժպտալ։ Հիշում եմ, թե ինչպես էր դաշնամուր նվագում ինձ համար, շատ սիրալիր էր ինձ հետ։ Մենք պաշտոնապես չէինք ամուսնացել, բայց ես հավատարիմ էի իրեն։ Շուրջ  5 տարի միասին էինք։ Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ անմարդկային ձևով ֆիզիկական բռնության գործադրեց իմ նկատմամբ։ Այնպես, որ գլխուղեղս ու նյարդային համակարգս վնասվելուց հետո անշարժացել էի, անգամ՝ մեկ-երկու բառ չէի կարողանում արտաբերել։ Հիվանդանոցում մասնագետները ինսուլտի կասկած ունեին, քանի որ անշարժացած էի ու գամված մահճակալին։ Հերթական անալզիներն էին իրականացնում։ Ինձ մոտ ախտորոշեցին ՁԻԱՀ։ Պահի լրջությունն, իհարկե այդ պահին չէի գիտակցում։ Բժիշկների խոսքով այդ պահին իմունային համակարգս գտնվում էր շատ խոցելի վիճակում։ Կարգավիճակս հաստատվելուց հետո ես ու իմ ընտանիքը շատ վատ վերաբերմունքի արժանացանք հիվանդանոցում։ Ոչ ոք չէր մոտենում ինձ։ Անշարժ վիճակում պառկած էի, բայց վախենում էին մոտենալ իրենց գործն անել։ Մտածում էին՝ իրենց ևս կփոխանցվի ՁԻԱՀ-ը։ Բայց չգիտեին էլ, որ ՁԻԱՀ-ով չեն վարակվում, այլ վարակվում են ՄԻԱՎ-ով։ Հասկանում եմ, դա մարդկային անգրագիտության արդյունք է, բայց այդ պահին ներաշխարհս տակն ու վրա էր լինում։ Հարազատ քույրս չհանդուրժեց այդ վերաբերմունքը, դիմեց գլխավոր բժշկին, որն էլ խիստ նկատողություն տվեց բուժքույրերին, որից հետո վերջիններս սկսեցին հավուր պատշաճի կատարել իրենց աշխատանքը։ Այս ամենի մեջ ինձ համար ամենացավալին նաև այն է, որ մարդը, որի պատճառով ես գամված էի մահճակալին պատիժ չկրեց։ Ես չէի կարող ոչ ոքի դիմել, քանի որ մտածում էի՝ կիմանան կարգավիճակիս մասին։ 

Հիշում եմ, բուժաշխատողները անձնական քարտիս մեջ մեծ տառերով գրել էին ՁԻԱՀ և ցանկացած ոք կարող էր իմանալ իմ կարգավիճակի մասին տեսնելով իմ անձնական գրքույկը։ Այդ խնդիրն ու այլ հարցեր լուծում ստացան «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն աջակցությամբ։ Կազմակերպության մասնագետների և Առողջապահության նախարարության շնորհիվ իմ անձնական գրքույկը փոխեցին, որի վրա այլևս գրված չէր ՁԻԱՀ, հոգեբանական ու սոցիալական աջակցություն են ցուցաբերել և մինչ օրս էլ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ինձ։ Այժմ ես կցված եմ ՀՌՎ բուժմանը և պարտաճանաչ ընդունում եմ նշանակված հաբերը, որպեսզի ինձ լիարժեք մարդ զգամ և շարունակեմ ապրել առողջ։ Այն կանանց ու աղջիկներին, որոնք այժմ առերեսվել են այդ խնդրին ես կասեմ մի բան՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ։