Դժվար է անցյալի մասին խոսել, բայց կփորձեմ…

Ես քաղցկեղ ունեի և պատրաստվում էի քիմիաթերապիա ստանալ, երբ երկրորդ ախտորոշումն արվեց` ՄԻԱՎ:

Ընդհատված քիմիաթերապիա, արյան հետազոտություններ, լարված ու ձգված օրեր: Նոր բժիշկներ` այս անգամ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնից:

Լավ չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում: Նախկինում ինչ-որ թերթիկների վրա կարդացել էի ՄԻԱՎ-ի մասին, բայց հստակ պատկերացում չունեի, և ամենակարևորը` երբեք մտքովս չէր անցել, թե նման բան կարող է ինձ հետ պատահել: 

Ֆիզիկապես և հոգեպես հյուծված էի: Երբ ինձ խնամող բարեկամուհուս հայտնեցի իմ նոր հիվանդության մասին, նա ևս չպատկերացրեց, թե ինչ է դա: Նա էլ ինձ նման տեղեկացված չէր: Հետո պատմեցի մեկ այլ շատ մոտ հարազատի, որի հետ ապրում էինք նույն տանիքի տակ: Թեև շարունակեց ինձ հետ ապրել, սակայն փոխվեց նրա վերաբերմունքը, ավելի զգուշավոր դարձավ իմ նկատմամբ: Եթե քաղցկեղի պարագայում հոգատարություն էր ցուցաբերում, սկսեց խուսափել շփումներից: Մտածում եմ, որ պաշտպանական ռեակցիա էր, հավանաբար վախենում էր իր և հատկապես երեխաների համար: Հասկանում եմ, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդուն պատրաստ  են ընդունել միայն այն մարդիկ, որոնք շատ լավ տեղեկացված են: Չեմ քննադատում, փորձում եմ հասկանալ…

Հոգեբանական ծանր վիճակում հայտնվեցի: Ամիսներ շարունակ տանից դուրս չէի գալիս: Ինձ թվում էր, որ անգամ շփման, օդի միջոցով կարող եմ ինչ-որ մեկին վարակել: Հարազատներիս ստիպեցի, որ հետազոտվեն: Մտածում էի, որ նրանց էլ վարակած կլինեմ: Հիմա գիտակցում եմ, որ այդ ապրումներն անտեղի էին, մարդու հետ պարզապես շփվելով հնարավոր չէ վարակվել:

Ցանկանում էի վերջ տալ կյանքիս: Անգամ տանից դուրս եմ եկել, որ ինձ հետ ինչ-որ վատ բան պատահի՝ կորչեմ, ջուրն ընկնեմ կամ մեքենայի տակ ընկնեմ:

Երբ որ ես առաջին անգամ հանդիպեցի մարդու, որը նույնպես ՄԻԱՎ ուներ, ինձ ոգևորեց նրա` հիվանդության վախերը և խարանը հաղթահարած կեցվածքը: Նա այնքան էր հաղթահարել իր խնդիրները, որ նույնիսկ փորձում էր աջակցել ինձ, որպեսզի ես էլ դուրս գայի ճգնաժամից: Հիմա մտածում եմ, որ ինքս էլ կարող եմ իմ վիճակում հայտնված որևէ մեկին օգնել, եթե նա իմ կարիքը զգա: Ես մեծ պատրաստակամությամբ կանեմ դա:

Մի քանի ամիս քիմիաթերապիա էի ստանում, ինձ խնամում էր մայրս: Քիմիաթերապիան ավարտելուց մեկ շաբաթ անց որոշեցի դուրս գալ աշխատելու: Արդեն ստանում էի ՀՌՎ բուժումը: Աշխատանքը, մարդկանց հետ շփումները և այլ հանգամանքներ փոխեցին իմ կյանքը, փոխվեց նաև ինքնազգացողությունս: Հետզհետե սկսեցի փոխվել, ուժեղանալ: Հիմա արհեստ եմ սովորում:  Հարազատներիս ասում են, որ ես շատ տարիներ եմ կորցրել իմ կյանքից և չեմ գնահատել: Համաձայն եմ` կորցրել եմ ժամանակ, բայց ձեռք եմ բերել այն գնահատելու ունակություն:

Սիրում եմ իմ աշխատանքը: Այնքան առողջություն ունեմ, որ կարողանում եմ իմ օրվա ապրուստը վաստակել, իմ հարցերը լուծել: Այս պահին միայնակ եմ: Կուզեի, որ մեկը կողքիս լիներ, հենարան լիներ ինձ համար: Այսօր ՄԻԱՎ-ը խոչընդոտ չէ ընտանիք կազմելու, առողջ բալիկ ունենալու համար:

Ես հիմա ապրում եմ իմ սովորական առօրյա կյանքով, լինում են հիասթափության և ընկճված պահեր, բայց սթափվում եմ և ինքս ինձ ասում եմ՝ ապրի՛ր