2 տարի էր ինչ միայնակ ապրում էի Ռուսաստանում: Ունեմ ՄԻԱՎ կարգավիճակ, կարգապահ ընդունել եմ դեղորայքս մինչև COVID-19 վարակի տարածումը, երբ սկսվեց խառնաշփոթ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում: Ես հայտնվեցի անելանելի իրավիճակում, կորոնավիրուսի հետևանքով կորցրեցի աշխատանքս, ոչ գումար ունեի, ճանապարհները փակ էին, չէի կարող վերադառնալ Հայաստան: Սարսափելի իրավիճակ էր, ես պետք է բժշկի գնայի, նորից հետազոտություններ անցնեի և հավանականությունը մեծ էր, որ պետք է փոխվեր ՀՌՎ դեղորայքս:

Քանի որ այլ երկրում էի բնակվում, ոչ մի առումով պաշտպանված չէի, ինձ զգում էի բանտում, բոլորից կտրված, հարազատներից, բարեկամներից: Հեռավորությունը կործանիչ էր, ոչ մի օգնություն չէի կարողանում ստանալ:

Այդ ընթացքում բժիշկս ուղղորդեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ: Միակ աջակցությունը, որ Հայաստանից կարողանում էի ստանալ՝ կազմակերպության հոգեբանի կողմից տրվող խորհրդատվություններն էին, որոնք իսկապես շատ մեծ ազդեցություն էին թողնում ինձ վրա: Եթե չլինեին մեր զրույցները, ինձ հետ տարվող աշխատանքները, ես ինքնասպանություն գործելու ճանապարհին էի և հիմա գուցե ողջ չլինեի:

Հոգեբանի հետ կապը ինձ համար միակ լույսի աղբյուրն էր, ես այդ միջոցով կարողանում էի ինչ-որ մեկի հետ կոնտակտ պահել, շփվել, գոնե պարզապես խոսել, որովհետև միայնության մեջ էի, իմ խնդիրների մեջ ճահճացած, ոչ մի լուծում չէի կարողանում գտնել: Հոգեբանի հետ օնլայն տեսազանգերը ինձ համար ապահովում էր կապը աշխարհի հետ: Խորհրդատվությունների ժամանակ քննարկում էինք իմ նպատակները, որոնց ես սպասում էի, և ինձ համար շատ թանկ էին:

Եթե չլիներ կազմակերպությունը ես, երևի թե, այդպես էլ չէի կարողանա ստանալ ՀՌՎ դեղորայքը: Կազմակեպությունը այդ օրերին ջանք չէր խնայում, բոլոր հնարավոր տարբերակները օգտագործում էր, որպեսզի Հայաստանից ես ստանամ իմ դեղորայքը:

Շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ այս մթության մեջ գոնե կար այս կազմակերպությունը:  Հոգեբանական խորհրդատվությունները ինձ համար հնարավորություն էր վերլուծելու, հասկանալու մանկությունից սկսած ինչ ապրումներ եմ ունեցել, որտեղ և ինչպես են իմ բոլոր բարդույթները ձևավորվել, արդյո՞ք կարողացել եմ դրանք հաղթահարել, թե՞ դեռ դժվարացնում են ինձ մարդկանց հետ շփվելու պրոցեսում, ընհանրապես ինչի համար եմ ես ապրում: Փորձեցի հասկանալ ինչ ռեսուրսներ ունեմ հիմա, որովհետև մտածում եմ, որ շատ ռեսուրսներ ունեցել եմ, բայց կորցրել եմ: Այդ բոլոր վերլուծությունները, քննարկումները, որ իրականացրեցինք հոգեբանի հետ այսօր հնարավորություն տվեցին, որ ես տեսնեմ ինչ ունեմ, թեկուզ ամենափոքր հնարավորությունները, որ հետագայում կարողանամ ապրել, ապրել՝ արժանապատիվ: Շատ հավատում եմ Աստծուն և հավատում եմ, որ Աստված ինձ համար մի դուռ կբացի, կյանքն ինձ ապրեցնում է:

Հ.Գ. Կազմակերպության հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փոփոխություն անել կառավարության որոշումների մեջ, որոնց արդյունքում ՀՌՎ դեղորայքը Ռուսաստանի դաշնությունում գտնվող շահառուներին անարգել փոխանցվում էր բեռնափոխադրող ընկերությունների միջոցով՝ օդային և ցամաքային սահմանափակ պայմաններում:

2020 թվականին շուրջ 300 ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար, որոնք ապրում են ՀՀ-ից դուրս, ապահովվել է ՀՌՎ բուժման անընդհատությունը: