Ինձ շատ դժվար կյանք է բաժին հասել։ Ինձ մշտապես հետապնդել են դժվարություններնն ու անհաջողությունները, հավանաբար պատճառն այն է, որ վաղ հասակից զրկված եմ եղել մայրական խնամքից։ Իմ խնամքով մորաքույրս է զբաղվել։ Նրանց՝ առանց այդ էլ բազմանդամ և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընանիքի համար, ես միշտ բեռ եմ եղել, բայց գնալու այլ տեղ էլ չեմ ունեցել։ Թեև մորաքրոջս տանն եմ ապրել, բայց միշտ խնամքի, հոգատարության ու սիրո պակաս եմ ունեցել։ Ամենադժվարը երևի եղել է պատանեկության ու երիտասարդության տարներին։ Ընտանիքում մշտապես ենթարկվել եմ բռնության, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական և թե՛ սեռական։ Անընդհատ առիթ էի փնտրում, որ դուրս փախչեմ տնից, փոխեմ միջավայրս, հեռու-հեռու լինեմ ինձ ստորացնող ու նսեմացնող հարազատներիցս։ Ոչ ոք չկար, որ ինձ պատմեր բոլոր այն վտանգների մասին, որ կարող էր պատահել երիտասարդ աղջիկների հետ, ոչ ոք․․․

ՄԻԱՎ կարգավիճակիս մասին իմացել եմ մոտ 2 տարի առաջ՝ առաջին ծննդաբերությունից հետո: Հետո ծնվեց երկրորդ բալիկս։ Շատ ծանր սոցիալական պայմաններում էի ապրում՝ զրկված ամենատարրական հիգիենիկ պայմաններից, նույնիսկ մահճակալ, երեխայի համար հագուստ և հիգիենիայի պարագաներ չունեի: Չնայած սոցիալական ծանր պայմաններում էի ապրում, բայց միշտ կարգապահ ընդունում էի ՀՌՎ դեղորայքը, թեև չէի հասկանում դրա իմաստը:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ հերթական այցի ժամանակ հանդիպեցի կենտրոնի սոցիալական աշխատողին, ներկայացրի իմ վիճակը, ու նա ինձ ծանոթացրեք «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ աշխատակիցների: Այդ ժամանակ նոր էի ծննդաբերել (երկրոդ երեխայիս), սոցիալական ծանր վիճակում էի գտնվում։ Ինչքանով որ ես եմ տեղյակ Կազմակերպությունը սոցիալական ցանցերով հայտարարություն էր տարածել, ներգրավել էին նաև հայտնի մարդկանց ու  կարողացել էին երեխայիս համար անկողին, երեխային խնամելու համար բոլոր անհրաժեշտ իրերը հավաքագրել:

 ՀԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս ստանում էին երեխայի կաթնախառնուրդը և հասցնում ինձ, քանի որ ես չունեի ֆինանսական միջոցներ ինքս կենտրոն գնալու համար: Ես ունեմ նաև լսողության խնդիր, որի պատճառով չեմ կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ:

COVID-19-ով պայմանավորված չէի կարողանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալ, բայց կազմակերպության սոցիալական աշխատողն աջակցեց, օնլայն տարբերակով դիմումս լրացրեցի, ինչպես նաև նրանց շնորհիվ կարողացա օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման միջոցառումից, որի համար շատ շնորհակալ եմ: Բացի դա ֆինանսական և սոցիալական (սննդի և հիգիենիայի փաթեթ) աջակցություն եմ ստացել կազմակերպության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրի շրջանակներում, որը ևս շատ մեծ աջակցությունն էր ինձ համար՝  հատկապես այդ օրերին:

Ինչպես արդեն նշել էի ունեմ խոսքի խնդիր ի ծնե, որը և բարդացնում է մարդկանց հասկանալը, դեղերի հետ կապված հարցեր ունեի, բայց ամաչում էի բժշկին տալ:  Կազմակերպության սոցիալական աշխատողը և հավասար խորհրդատուն համբերատար բացատրվել են ՀՌՎ դեղորայքն ընդունելու անհրաժեշտությունը և նպատակը: Որ բառերը կամ նախադասությեւնները չէի հասկանում, նրանք գրում էին թղթի վրա, որ անհասկանալի ոչինչ չմնա։ Հիմա արդեն գիտեմ ինչու եմ ընդունում այն: Թեև ի ծնե լսողության հետ կապված խնդիրներ եմ ունեցել, սակայն հաշմանդամության կարգ երբեք չեմ ունեցել, ինչի պատճառով բազմաթիվ անվճար հետազոտություններից չեմ կարողացել օգտվել։ Կազմակերպության սոցիալական աշխատողի ուղեկցությամբ անցել եմ անհրաժեշտ հետազոտությունները, որոնց հիման վրա կկարողանամ հաշմանդամության կարգ ձեռք բերել: Հետազոտությունների համար նույնպես կազմակերպությունն  է վճարել:

Այս փուլում իմ հետ աշխատանքը շարունակվում է։ Շատ եմ ուզում դուրս գալ այն ընտանիքից, որտեղ ապրում եմ։ Կազմակերպության սոցիալական աշխատողի հետ տարբերակներ ենք մշակում և աշխատում այդ ուղղություամբ։

Հիմա ավելի ինքավստահ եմ, հավատում եմ, որ մի օր կկարողանամ ինքնուրույն կազմակերպել իմ և երեխաներիս կյանքը։ Շատ ուրախ եմ, որ այլև միայնակ չեմ ու կան մարդիկ, ում կարող եմ դիմել և ստանալ համապատասխան աջակցություն։