Ես Վարդուհին եմ (անունը փոփոխված է) , ապրում եմ Արարատի մարզում՝ ընտանիքիս հետ։ Ամուսին ունեմ, երկու չափահաս որդի։ Տարիներ առաջ որոշեցի սկսեմ ՄԻԱՎ-ի հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, բայց առաջին փորձը շատ վատ ավարտվեց։ Երիկամներիս հետ կապված խնդիրների պատճառով օրգանիզմս խիստ հակազդեց դեղերին՝ ամբողջությամբ այտուցվեցի։ Շատ վախեցա։ Այդ միջադեպից հետո ինքս ինձ խոստացա, որ այլևս երբեք այդ դեղերը չեմ խմելու։ Այդ փորձն ինձ հուսահատեցրեց, կարծես փակուղու առաջ լինեի։
Շատ տարիներ շարունակ իմ կողքին էր «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատուն։ Նա ինձ հետ մեծ համբերությամբ աշխատում էր, տալիս էր հավասարը հավասարին խորհրդատվություն, պատմում էր ՀՌՎ դեղերի կարևորության մասին, բացատրում, թե ինչպես կարող է բուժումը բարելավել իմ կյանքի որակը, պահել առողջական կայուն վիճակ։
Ինձ համար հեշտ չէր։ Ամուսինս հաճախ անտեսում էր ինձ, անգամ բռնության էր ենթարկում։ Ես էլ սկսեցի մտածել, որ իմ կյանքը արժեք չունի, ու արդեն սկսել էի տարբեր առողջական խնդիրներից բողոքել։ Բայց այդ խորհրդատուն՝ իմ պարբերական աջակիցը, մի օր ասաց. «Ես պատրաստ եմ քեզ հետ գնալ ԻՀԱԿ, ուղղակի փորձենք նորից»։ Նա իմ թույլտվությամբ անգամ նախապես գնացել էր ԻՀԱԿ-ի բժշկի մոտ, պատմել իմ մասին, ներկայացրել իմ առողջական վիճակը։ Նա խնդրել էր, որ եթե մենք ի վերջո գանք բուժման, բժիշկները փորձեն այլ սխեմա ընտրել՝ ավելի հարմար իմ օրգանիզմին։
Վերջին մեր խոսակցությունը որոշիչ եղավ։ Ես զգացի, որ ինքս ինձ համար պետք է փորձեմ։ ԵՒ 2024 թվականի փետրվարի 13-ին ես նորից կցվեցի ՀՌՎ բուժմանը։ Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է։ Ինձ արդեն հետազոտել են, ու ամենակարևորը՝ օրգանիզմս դրական է արձագանքում բուժմանը։ Գիտեմ, որ դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, բայց այս քայլն արդեն ցույց է տալիս՝ երբ կողքիդ կա մարդ, ով հավատում է քեզ ու հուսադրում, հնարավոր է նորից սկսել։