Չէի շտապում ամուսնանալ: Այնքան էի հարմարվել միայնակ կյանքին, որ մեր դասարանցիներից ամենաուշը ես ամուսնացա՝ 25 տարեկանում: Առաջին ամուսնությունս անհաջող էր: Ծնողներիս կամքին հակառակ փախչել էի մի տղայի հետ, որին պարզվեց այդքան էլ լավ չեմ ճանաչում: Երկու «ճամբարում» էր ապրում: Ընկերուհի ուներ ինձնից բացի, հավասար նրան էլ էր նույն ուշադրությամբ պատում՝ ինչ ինձ: Մեկ-մեկ անգամ այդ ընկերուհուն ավելին՝ քան ինձ: Վիրավորվում էի իր այդ վերաբերմունքից: Չնայած այդ հանգամանքին երեխա ունեցա իրենից: Երեխա ունենալու փաստն անգամ հետ չպահեց ամուսնուս իր ընկերուհուց: Այնպես ստացվեց, որ հանցագործության համար երկուսին էլ դատապարտեցին 5 տարվա ազատազրկման: Չդիմացա, պաշտոնապես ամուսնալուծվեցի իրենից: Գյուղում էինք ապրում և գյուղաբնակները մեր ընտանիքը մատով էին ցույց տալիս, բամբասում էին: Բախտս մի հարցում շատ էր բերել: Ամուսնուս մայրը՝ կիսուրս, ինձ շատ էր սիրում: Մենք այդ ընթացքում, ինչ ամուսինս բանտում էր, իրար հետ հաշտ ու համերաշխ ապրում էինք: Որոշեցինք միասին գյուղից տեղափոխվել Երևան: Կիսուրս ասում էր՝ զուգընկեր գտիր, ապրիր լիարժեք, բայց ես չէի ուզում, ցանկություն չունեի: Որոշ ժամանակ անց կիսուրիս առողջական վիճակը վատանում է: Չկարողանալով հաղթահարել առողջական խնդիրները՝ մահացավ: Մինչ օրս նախկին ամուսինս՝ իր զավակը, չգիտի էլ, որ իր մայրը այլևս չկա:
Շարունակեցի կյանքս բնակականոն հունով: Այդ ընթացքում մի քանի զուգընկեր եմ ունեցել։ Նրանից մեկն անգամ ամուսնացած էր, երբ իմացա դրա մասին, ասում էր՝ ամուսնալուծվեմ ու քեզ հետ ամուսնանամ, իսկ ես պնդում էի, որ երբեք նման ստոր քայլի չեմ դիմի, քանի որ իմ սեփական մաշկի վրա եմ զգացել, թե դա ինչ վատ երևույթ է: Խզեցի կապերս այդ մարդու հետ: 2016 թվականն էր: Հերթական անալիզների էի գնացել: Արյան անալիզներիս պատասխանները հուսադրող չէին՝ ասում էին բժիշկները: Ուղեգրեցին ԻՀԱԿ (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն): Պարզվեց արդեն երկար ժամանակ է ապրում եմ ՄԻԱՎ-ով: ՀՌՎ բուժումից ինքնակամ, գրավոր հրաժարվեցի: Այդ ընթացքում ես աշխատում էի հյուրանոցներից մեկի լվացքատանը: Պահակ ունեինք, որը սիրահարվել էր ինձ: Շփվում էինք: Ես էլ նկատելով, որ ինձ հետ կապված նպատակներ ունի, ասացի, որ ունեմ երեխա առաջին ամուսնությունից, ունեցել եմ զուգընկերներ: Նա պնդում էր, որ ինձ չի հետարքրում այդ ամենը, ես սիրում եմ քեզ և ուզում եմ ամուսնանալ քեզ հետ: Նա տեղեկացրեց նաև իր մորը: Իհարկե, վերջինս դեմ էր տղայի որոշմանը: Անընդհատ վիճում էին այդ հարցի շուրջ: Ես էլ տեղյակ էի դրա մասին: Մի օր հանկարծակիի եկա: Եկավ ու ասաց, որ իր մայրը ուզում է ծանոթանալ ինձ հետ: Չհավատացի: Համոզեց, որ իր ասածն իրականություն է: Գնացինք իրենց տուն: Նկատեցի, որ տանը մարդ չկա այդ պահին: Նա նայեց ինձ ու հարցրեց՝ կամուսնանա՞ս ինձ հետ: Պատասխանեցի՝ ոչ: Ջղայնացավ, դուռը փակեց բանալիով ու դուրս եկավ: Մնացել էի միայնակ իրենց տան մեջ: Պարզվեց, իր մայրը աշխատանքի էր, եկավ ու տեսավ ինձ իրենց տանը: Ապագա ամուսինս մորն ասաց ես ամուսնանում եմ ու ինձ չի հետաքրքրում ոչ ոքի կարծիքը: Մայրը լուռ համաձայնվեց: Մինչ այդ պահը ՄԻԱՎ կարգավիճակիս մասին չէի ասել նրանց: Վախենում էի արձագանքից: Չէի ուզում հղիանալ, բայց ամուսինս անընդհատ պնդում էր, որ արդեն ինքն էլ տարիքով երիտասարդ չէ, երեխա է ուզում: Հղիացա, բայց գիտեի, որ գնանք հիվանդանոց անալիզների պատասխաններից կբացահայտվի նաև իմ ՄԻԱՎ կարգավիճակը: Ամուսնուս խաբեցի ու խնդրեցի, որ գնա դեղատուն և ինձ համար «ստամոքսի ցավի» դեմ հաբեր բերի, իրականում դրանք արհեստական վիժում առաջացնելու համար էին ինձ պետք: Կիսուրս եկավ տուն, տեսավ դեղերն ու միանգամից ամուսնուս բացահայտեց, թե ինչի համար են նախատեսված տվյալ դեղերը: Ամուսինս ջղայնացավ, միևնույն ժամանակ էլ ուրախացավ, որ հղի եմ: Հիվանդանոց գնացինք: Կիսուրս չթողեց, որ ինքս մտնեմ բժշկի սենյակ: Ինձ հետ եկավ: Բժիշկը հաստատեց, որ հղի եմ: Ինչպես կարգն է, անալիզների ուղարկեցին, որպեսզի լիարժեք ստուգեն իմ առողջական վիճակը: Հենց այդտեղ էլ բացահայտվեց իմ ՄԻԱՎ կարգավիճակը: Ամուսինս ջղայնացավ, բայց ես ասացի, որ իր պես նոր եմ իմանում դրա մասին: Նա ասաց, որ անկախ ամեն ինչից սիրում է ինձ և չի թողնի մենակ: Մեզ ուղեգրեցին ԻՀԱԿ: Այնտեղ բժիշներին ուզում էի հասկացնել, որ չճանաչելու տան, որպեսզի ավելի չխորանար խնդիրը: Ցավոք, իմ բժիշկը նկատելով ինձ ու ամուսնուս՝ հետևից, միջանցի մի ծերից մյուսը գոռաց.
- Քանի ամիս է քեզ եմ սպասում, որպեսզի գաս ու դեղերդ ստանաս, ինչո՞ւ չես գալիս:
Սառը քրտինք պատեց մարմինս: Ամուսինս մերթ նայում էր ինձ, մերթ՝ բժշկին: Հասկացել էր, որ ես խաբել եմ իրեն: Ջղայն էր, բայց դիրքորուշումը՝ անփոփոխ: Ուրախ էի նաև, որ չնայած այդ ամենին ամուսնուս մոտ ՄԻԱՎ չեն հայտնաբերել:
Ծննդաբերեցի: Երեխաս ծնվել էր առանց ՄԻԱՎ-ի: ՀՌՎ բուժումն ընդունում էի միայն հղիության ժամանակ, դրանից հետո կրկին գրավոր հրաժավեցի դրանից: Կիսուրս երեխայից հետո անգամ չփոխեց իր վերաբերմունքն իմ նկատմամբ: Անընդհատ ամուսնուս ջղայնացնում էր, ասում էր, որ սիրեկաններ ունեմ, համոզում էր, որ հեռախոսս վերցնի իմ ձեռքից, որպեսզի ոչ ոքի հետ չկարողանամ հաղորդակցվել: Այդպես էլ արեց ամուսինս: Հեռախոսս ջարդեց, հեռախոսահամարը կցեց իր հեռախոսին և սպասում էր, որ իբր սիրեկաններս պետք է զանգեն, որ ինքն էլ պատասխանի: Բայց, իհարկե, զանգ չէր ստանում: Կիսուրս չհանգստացավ դրանից հետո և շարունակեց իր սև գործը: Բանը հասավ նրան, որ ամուսինս արդեն աշխատանքի գնալու փոխարեն մնում էր տանը և ինձ էր հետևում: Չդիմանալով այդ ստորացումներին, որոշեցի ինքնասպան լինել: 60 կոճակ քնաբեր խմեցի: Հասկացա, որ ոչ թե մահանում եմ, այլ ուղեղս անջատվում է, բայց ֆիզիկապես կանգուն եմ: 3 օր այդ վիճակում էի ու չէի հասկանում ինչ է կատարվում շուրջս: Կիսուրս տեսնելով, որ տարօրինակ է պահվածքս տեսաձայնագրել էր ինձ այդ վիճակում: Բոլորին ցույց էր տալիս այդ տեսանյութերը: Շտապ օգնություն կանչեցին: Բժիշկը հարցեր էր ուղղում, ես էլ պատասխանում էի, բայց արդեն միտքս վերականգնվում էր: Նա հարցրեց՝ շատ քանակի դեղ օգտագործե՞լ եք, ես էլ անկեղծ պատասխանեցի, որ այո: Տարան հիվանդանոց, որպեսզի ստամոքսի լվացում անեն: Այդ դեպքից հետո ամուսինս փոխվել էր: Կիսուրս կարծես թե սթափվել: Լավ էր ամեն ինչ: 2-րդ երեխային ունեցանք: Ամուսինս տղա երեխա էր ուզել: Հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսինս կամավորագրվեց ու համալրեց ՊԲ շարքերը: Մի քանի օր հետո դուռը թակեցին, բացեցի՝ ոստիկաններ էին: Մտածեցին ինչ-որ դեպք է տեղի ունեցել, եկել են հարցաքննելու: Տանը ես ու երեխաներն էինք: Ոստիկանները տեսնելով, որ տանը միայն մենք ենք՝ ամունսուս քրոջ հեռախոսահամարն ուզեցին ու գնացին: Հետո կիսուրս ժամանկից շուտ աշխատանքից վերադարձավ տուն: Զգում էի, որ անհանգիստ էր, բայց ոչինչ չէր ասում: Հետո սկսեցին մարդիկ գնալ-գալ: Այդ ժամանակ միայն ինձ ասացին, որ ամուսինս զոհվել է: Ուշաթափվեցի: Այդ ժամանակ էլ ես արդեն հղի էի՝ զույգ երեխաներով: Բժիշկները խորհուրդ էին տվել հեռացնել, բայց ամուսինս դեմ էր: Ես էլ իր զոհվելուց հետո մտածեցի, եթե Աստված կամենա, ուրեմն կծնվեն այս երեխաները: Ամուսնուս գերեզման էինք գնացել: Կրկին ուշաթափվեցի: Աչքերս բացեցի արդեն հիվանդանոցում: Վիժել էի: Ամուսնուս զոհվելուց հետո անգամ կիսուրս չէր փոխվել: Նվաստացնում էր ինձ: Այդ ընթացքում Քովիդ-19-ով վարակվեցի: Կիսուրս հանել էր դուրս, երեխաներին պահել էր իր մոտ: Զանգեցի «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ սոցիալական աշխատողին: Օգնեցին, ինչի համար շնորահակալ եմ: Քովիդ-19-ը հաղթահարելուց հետո դիմեցի ոստիկանություն, որպեսզի երեխաներիս հետ բերեմ կիսուրիցս: Նա բոլորին ասում էր, որ ես ունեմ ՄԻԱՎ, բայց ես ասում էի, որ չեմ էլ թաքցնում այդ փաստը: Հետո շատ քիչ էր այցելում երեխաներին: Մի օր խնդրեց, որ իր հետ զբոսնելու տանի՝ չմերժեցի: Տարել էր ԴՆԹ անալիզ հանձնելու, պարզի արդյո՞ք իր որդուց են երեխաները, թե՞ ոչ: Ամուսնուս քույրն եկավ ԴՆԹ անալիզի պատասխանները ձեռքին և շնորհավորեց ինձ: Ես այդ ժամանակ տեղյակ չէի անգամ, որ նման անալիզ են հանձնել: Զայրացած էի և ուրախ, որ հիմա այլևս այդ հարցում կասկածներ չեն ունենա: Հիմա ես ընդունում եմ ՀՌՎ բուժումը, որովհետև չեմ ուզում, որ երեխաներս երկկողմանի ծնողազուրկ դառնան: