Ամուսնության որոշումը շատ արագ եմ կայացրել: Մեկ անգամ ենք հանդիպել, միանգամից որոշեցի, որ ընտանիք եմ կազմելու: Այդ պահին կյանքից շատ հիասթափություններ ունեի, և մտածում էի, որ ընտանիք կկազմեմ, և կյանքս լիովին կփոխվի:

Ծնվեց առաջին երեխան, երկու տարի անց՝ երկրորդը: Ընտանեկան կյանքն ընթանում էր իր հանգիստ հունով: Աշխատում էինք, ապրում էինք:

Երեխաներս մանկապարտեզի տարիքում էին, երբ ամուսինս հիվանդացավ: Ուղեղի կաթված ստացավ, և հոսպիտալացվեց: Այդ ընթացքում պարզվեց, որ գլխուղեղի ուռուցք ունի: Բայց սա դեռ ամենը չէր. նրա մոտ նաև ՄԻԱՎ հայտնաբերվեց: ՄԻԱՎ-ի պատճառով իմունային համակարգը ընկճվել էր ու  նա շատ վատ վիճակում էր, վիրահատել չէր կարելի: Իր համար կենսական նշանակության ՀՌՎ դեղամիջոցներն այդպես էլ չխմեց, և ինձ համար մինչ օրս անորոշ է, ինքը գիտեր իր կարգավիճակի մասին, թե՝ ոչ:

Երբ փորփրում եմ անցյալը և ամուսնուս վարքագիծը, կասկածում եմ, որ նա պարզապես ինձանից թաքցրել է ամեն ինչ: Շատ վատառողջ էր, բայց չէինք կարողանում տանել հիվանդանոց: Մտածում եմ, որ ամուսինս խուսափում էր հիվանդանոց գնալ, որովհետև ինքը գիտեր իր կարգավիճակի մասին և վախենում էր բացահայտվել:

Ամուսնուս հետազոտելուց հետո ինձ և երեխաներիս էլ հետազոտեցին: Պարզվեց, որ երեքս էլ վարակված ենք ՄԻԱՎ-ով: Անտանելի, անասելից ցավ էր պատել ինձ: Չէի հավատում, որ այդ ամենն իրական է: Ամեն օր գլխումս նույն հարցն էր. ինչպե՞ս ապրեմ այս ամենի հետ, ինչպե՞ս

Սոցիալական և բշժկական հաստատություններում բոլորը զարմանում էին, որ այդ թվականներին երեխաներս վարակված են ծնվել, որովհետև կանխարգելման հնարավորություն կար, եթե միայն իմանայինք մեր կարգավիճակի մասին Հիշում եմ, որ հղիության ընթացքում անցել եմ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, բայց այդ ժամանակ զարմանալիորեն չի հայտնաբերվել ՄԻԱՎ-ը:

Ամուսնուս մահն այդքան ծանր չեմ տարել, ինչքան երեխաներիս վարակված լինելու փաստը: Անընդհատ երեխաներիս առողջության մասին էի մտածում: Երեխաներս հերթով հիվանդանոց ընկանԵրեխաներիցս մեկը շատ վատ վիճակում էր: Չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում: Բթացել էի, ծանրության աստիճանը չէի գիտակցում: Հիշում եմ, բշժկուհին երեխայիս վիճակը տեսնելով, այնքան էր հուզվել, որ սենյակում չէր կարողանում մնալ: Մտածում էի՝ էլ հույս չկա: Երեխաս այդ ժամանակ նոր էր ՀՌՎ դեղերը խմում: Բայց, փառք Աստծուն, մենք դա էլ անցանք: Կարգավորվեց երեխայիս առողջական վիճակը: Դեղերը սկսեցին ազդել, երեխայիս առողջությունը սկսեց բարելավվել: Ինձ շատ օգնեց բուժանձնակազմը՝ հուսադրելով և ճիշտ խորհուրդներով, ուղղակի հոգեբանորեն աջակցելով: Ամեն օր կողքիս են եղել: Նույնչափ հոգատար էր նաև բժիշկը: Եթե նրանք չլինեին, չէի հաղթահարի այդ սթրեսը: Տանը, իմ հարազատներին մեր կարգավիճակի մասին ոչինչ չեմ ասել, երևի չեն էլ պատկերացնի, թե ինչ հիվանդություն է:

Հասարակության մեջ տարբեր են մոտեցումները: Եղել են դեպքեր, որ փաստաթղթերի կամ  առողջական որևէ հարցով դիմել ենք և շատ վատ վերաբերմունքի ենք արժանացել: Նույնիսկ պետք էր տեղափոխել այլ բուժհաստատություն, մեզ ասացին, որ տեղ չունեն: Շատ կոպիտ ձևով արեցին դա, նաև այդ ընթացքում գաղտնիություն էին խախտել: Մեր կարգավիճակի մասին հայտնել էին այն բժշկին, ում ես պետք է դիմեի: Հակառակն էլ է եղել. ունեցել ենք բժիշկ, որ այպիսի բարեհամբույր վերբերմունք է դրսևորել, որ հոգեբանորեն մեզ ճնշված չենք զգացել, թեև իմացել է մեր կարգավիճակի մասին: Այս բոլոր հաստատություններում մեզ ուղեկցել է հասարակական կազմակերպության աշխատակիցը: Անհրաժեշտության դեպքում պաշտպանել է իմ և երեխաներիս իրավունքները, խոսել իմ փոխարեն: Այդ ժամանակ ես չէի էլ կարողանում խոսել, այնքան ծանր հոգեվիճակում էի, որ չէի կարողանում արտահայտվել, ճնշված, կոտրված, նվաստացած և կաշկանդված էի ինձ զգում:    

Ինձ ուժ է տվել երեխաներիս ներկայությունը իմ կյանքում: Իմ մասին չէի էլ մտածում: Ես հիմա մտածում եմ երեխաներիս ուսման և աշխատանքի մասին, իսկ երազանքս է, որ հայտնաբերվի ՄԻԱՎ-ի արմատական բուժումը:

Այս բոլոր փորձություններն ինձ դարձրին ուժեղ, պինդ: Իմ կյանքի հաջողությունը համարում եմ այն, որ կարողացա երեխաներիս առողջ, դե հարաբերական առողջ մեծացնեմ: Պետք է պայքարել, երբեք չհուսահատվել, առաջ նայել և ամեն ինչի մեջ փնտրել մի լավ բան ու առաջ գնալ: