19 տարեկանում հորս կամքին հակառակ ամուսնացա: Հայրս զգուշացնում էր, որ շատ վտանգավոր մարդ է, ես չլսեցի նրան: Հարսանիքի գիշերն ամուսինս տնից գնաց և երեք օր լուր չունեի, վերադառնալուց հետո սպառնաց աշխարհով մեկ խայտառակ անել, թե կույս չեմ եղել, եթե ամեն հարցում չենթարկվեմ իրեն: Գուցե, եթե քաջություն ունենայի ու հեռանայի՝ անտեսելով հասարակության կարծիքը, կյանքս այլ ընթացք ունենար…

Սկսվեց ծեծ ու ջարդը: Հարսանիքից մեկ շաբաթ անց զարդերս վերցրեց ու դուրս եկավ տնից: Հասկացա, որ խաղամոլ է, բայց չէի պատկերացնում, որ ավելի վատ բաների է ընդունակ: Մի օր նկուղ մտա ու տեսա, որ թմրամիջոց է օգտագործում: Երբ ասացի, որ հորը կպատմեմ, դրա համար էլ ծեծեց: Ծնողներն էլ իմանալով իրենց տղայի բոլոր մոլությունների մասին, միևնույնն է, ինձ էին հալածում:

Վերջապես քաջություն ունեցա ու հեռացա: Սկսեց հետապնդել: Նույնիսկ խաղացել ու կրվել էր ինձ: Մի օր զանգեց, ասաց, որ իր մոտ ինչ-որ հիվանդություն են հայտնաբերել: Ես էլ գնացի հետազոտման, պարզվեց խլամիդիոզ ու ուրիոպլազմոս ունեմ: Մոտ 6 ամիս բուժվեցի: Այդ ամբողջ ընթացքում նա շարունակում էր ինձ հետապնդել: Երկու տարի սարսափի մեջ էի ապրում: Ստիպված էի ուղղակի փախչել Հայաստանից: Օդանավակայանի ողջ տարածքը շրջապատել էր իր հանցագործ ընկերներով: Կնքահայրս միջամտեց ու խոստացավ, որ նրա հետ կապված բոլոր հարցերը ինքը կլուծի: Իսկապես էդպես էլ եղավ: Անտանելի ծանր հոգեբանական վիճակում էի: Մոտ վեց տարի պահանջվեց, որ նորմալ կյանքի վերադառնամ:

Ատում էի տղամարդ բառը: Թեև մտքովս չէր էլ անցնում, որ երբևէ նորից կյանքս կկապեմ ինչ-որ մեկի հետ, սակայն հանդիպեցի մի մարդու, որը նույնպես ամուսնալուծված էր ու որոշեցինք ամուսնանալ: Շատ հաշտ ընտանիք էինք: Հետո մոտ չորս տարի բուժվում էի: Երբ վերջապես կրկին հղիացա, հերթական ստուգումների ժամանակ ՄԻԱՎ հայտնաբերեցին: Լսել էի, որ դա անբուժելի և մահացու հիվանդություն է, բայց հստակ պատկերացում չունեի: Երբ ծանոթ բժիշկներից մեկին հարցրի, թե դա ինչ է, նա ասաց, որ էդ վիրուսով մարդկանց վառում են կամ մեկուսացնում: Ավելի շփոթվեցի: Մեկ այլ բժշկի հարցրեցի, երիտասարդ ու բանիմաց աղջիկ էր, ասաց, որ սարսափելի ոչինչ չկա: Խորհրուդ տվեց կրկնակի հետազոտություն անցնել: Անցա, պատասխանը նույն էր: Հիշում եմ, գնացի տուն, դռան մոտ չոքել ու լաց էի լինում:

Քույրս ամուր -ամուր գրկեց ու ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, ես քո կողքին եմ:

 

Այդ ժամանակ ամուսինս Ռուսաստանում էր, զանգեցի, ամեն ինչ պատմեցի և հորդորեցի, որ ինքն էլ հետազոտվի: Հետազոտվեց ու նրա մոտ ՄԻԱՎ չհայտնաբերվեց: Ես իսկապես շատ ուրախ էի, որ գոնե ինքը առողջ է: Սակայն այդ օրվանից մեր մեջ մի մեծ անդունդ գոյացավ: Նա իմ նկատմամբ դարձավ անտարբեր ու սառը: Մի կողմից ուրախ էի, որ նա առողջ է ու ստիպված չէ ապրելու համար դեղեր խմել, մյուս կողմից մտածում էի, գուցե եթե ինքն էլ ՄԻԱՎ ունենար, չէր փոշիանա մեր մեծ երջանկությունը: Գուցե կհասկանար իմ ապրումները, վախերը, կմտներ իմ դրության մեջ

ՁԿՀԿ-ում ինձ ծանոթացրին ԻԱԻՄ ՀԿ-ի սոցիալական աշխատողի հետ, որպեսզի նա ինձ ուղեկցի այն հիվանդանոց, որտեղ պետք է հաշվառվեի ու ծննդաբերեի: Առաջին այցի ժամանակ, երբ սոցաշխատողն էր ինձ ուղեկցում, բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերեցին: Հաջորդ անգամ, երբ ամուսնուս հետ էի գնացել, բժիշկը զզվանքով նայեց դեմքիս ու պրակտիկանտներին ասաց. «Սրա նմաններին պետք ա վառել, ոչ թե թողես մի հատ էլ երեխա ունենան»: Արցունքներս սկսեցին հոսել: Չէի կարողանում զսպել ինձ: Հեկեկալով դուրս եկա սենյակից

Սթրես սթրեսի հետևից: Ծննդաբերությունը պետք է կեսարյան հատումով լիներ: Թեև օր էինք պայմանավորվել վիրահատության համար, սակայն հինգ օր շուտ ծննդաբերական ցավեր սկսվեցին: Բժիշկը տեղում չէր: Տասնչորս ժամ ցավ քաշեցի: Արնաքամ էի եղել:  Բժիշկս էդպես էլ չեկավ, ինչ -որ երիտասարդ տղա եկավ, նույնիսկ չգիտեմ բժիշկ էր, թե պրակտիկանտ: Հրահանգեց, որ արագ վերակենդանացման բաժանմունք բարձրացնեն: Շատ վատ էի ու չէի կարողանում նույնիսկ շորերս փոխեմ, իրենք էլ չէին մոտենում, որ օգնեն: Հետո վիրահատեցին, երեխաս ծնվեց: Ուղղակի հրաշք էր, որ նա ողջ և առողջ էր այդքան արյունահոսությունից ու սթրեսներից հետ: Վերակենդանացման բաժանմունքում ոչ ոք չէր մոտենում: Բոլոր հիվանդներին իջեցրել էին, ես մենակ էի մնացել անտերի նման: Հետո մայրս գրպանները գումար էր դրել, որ ինձ էլ իջեցնեն պալատ: Դուրս գրման օրը մանկաբույժը ասում էր, որ փոխանակման քարտի մեջ գրելու է, թե երեխան հիվանդ է: Մայրս կրկին գումար տվեց, որպեսզի ոչինչ չգրեն: Ամուսնուս հետ հարաբերությունները օր օրի վատացան: Մի անգամ ուշագնաց էի եղել, հենց էդպես գետնին ընկած թողել ու դուրս էր եկել տնից: Երեխաս մեկ ու կես տարեկան էր, մի կերպ հարևաններից օգնություն էր խնդրել:

Չեմ պատկերացնում, եթե ծնողներս, քույրս ու եղբայրս չլինեին իմ կողքին, ես ինչպես կարող էի հաղթահարել այս ամենը:

Իմ կյանքում հիմա խառնաշփոթ է: Կյանքիս միակ իմաստը, լուսավոր կետը երեխաս է: Անընդհատ մտածում եմ բաժանվելու մասին, որպեսզի ամուսինս գնա, առողջ կին գտնի ու գուցե երջանիկ լինի: Շատ դյուրագրգիռ եմ դարձել: Երեխային եմ անհիմն պատժում, հետո տանջվում մեղքի զգացումից: Ախր երեխաս ինչո՞վ է մեղավոր, որ ես ՄԻԱՎ ունեմ, որ իր հայրը ամենադժվար իրավիճակում ինձ մենակ է թողել: Ես հասկանում եմ, որ պետք է ուժ գտնեմ ու ինչ-որ ձևով դուրս գամ այս վիճակից, ուղղակի դեռ ելքը չեմ տեսնում:

Բոլոր կանանց խորհուրդ կտայի երբեք հապճեպ որոշում չկայացնել և անպայման ծնողի կարծիքը հաշվի առնել: Ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել, երբ «սիրելի» ամուսինդ ծեծում է, նվաստացնում, կռվում, հայհոյում: Թվացյալ սերը մի օր մեռնում է, և դու մնում ես քո խնդիրների հետ միայնակ՝ անդունդի եզրին: