Օգոստոսի 22-ից 24-ը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների և դեռահասների Ամառային ճամբար Հայաստանում: Ճամբարին մասնակցել են երեխաներ, պատանիներ, ինչպես նաև նրանց ծնողները:  Ամառային ճամբարի ընթացքում առանձնացված դասըթացներ և տեղեկատվական սեսիաներ են իրականացվել տարիքային բոլոր  խմբերի համար։

Ամառային ճամբարի ընթացքում ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների և իրենց ծնողների հետ իրականացվեց դասընթաց ընտանեկան բռնության, մարդու հիմնարար իրավունքների և տարիքային ճգնաժամերի մասին, տեսակետների և կարծիքների տարբերությունը նպաստեց դասընթացի արդյունավետությանը և թեմաների վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում կազմելուն։ 

Երկրորդ օրը՝ օգոստոսի 23-ին,  կազմակերպվեցին փոխօգնության խմբեր ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ծնողների և ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների հետ ներքին խարանի հաղթահարման նպատակով: Փոխօգնության խմբի մասնակիցների խոսքով վերջիններս այժմ հաշտ են իրենց ՄԻԱՎ դրական կարգավիճակի հետ, իսկ նախկինում նրանց հետ կատարված աշխատանքի արդյունքում հստակ գիտակցում են, թե ինչո՞ւ են բուժում ստանում և ինչո՞ւ է կարևոր դեղերի ընդունման կարգապահությունը: Մասնակիցների խոսքով իրենք կարևորում են կազմակերպության և տարբեր մասնագետների հետ համագործակցությունը: Քննարկումների ժամանակ այն ծնողները, որոնք այժմ ունեն ՄԻԱՎ-ով ապրող երեխաներ, պատանիներին ուղղում էին հարցեր, թե նրանց ե՞րբ է սկսել հետաքրքրել ինչու են դեղեր խմում, ինչո՞ւ է անհրաժեշտ բուժումը և այլն: 

Պատանիներն իրենց հերթին անձնական փորձով կիսվեցին ծնողների հետ, մասնավորապես, թե ե՞րբ են իրենք սկսել համագործակցել մասնագետների հետ, ինչպիսի՞ արդյունքի են հասել այդ համագործակցության արդյունքում: Վերջիններիս խոսքով, անգամ լինում են պահեր, երբ իրենք են ծնողներին հուշում դեղերը խմել ճիշտ ժամին և բացթողումներ չունենալ: 

Ծնողները փոխօգնության խմբի ավարտին կիսվեցին իրենց տպավորություններով։ Նրանց համար կարևոր էր լսել նաև դեռահասների զգացողությունները, թե ինչպիսի կարիքներ են ունենում կարգավիճակն իմանալուց հետո, ինչու չեն ուզում խմել դեղերը, ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ երեխաներին, որոնք նոր են իմանում իրենց կարգավիճակի մասին։
«Այս խումբը շատ կարևոր էր ինձ համար, շնորհակալ եմ այս հնարավորության համար, հիմա հասկանում եմ, թե ինչպես պետք է աշխատեմ իմ երեխայի հետ, ինչ աջակցություն է նրան անհրաժեշտ, որպեսզի բուժման ընդհատում չունենա»,- ասաց կանանցից մեկը։ 

Հաջորդ փոխօգնության խմբի նպատակն ու ասելիքը ՀՌՎ բուժման կարևորությունն էր և գիտակցումը, որ ՀՌՎ բուժման ընդունումը բարձրացնում է կյանքի որակն ու երկարացնում կյանքի տևողությունը։ Կարևոր քննարկում էր նաև երեխայի՝ բուժման անհետևողականության վերաբերյալ, որը որպես խտրական վերաբերմունք ծնողի կողմից վերլուծեցին նաև վարող մասնագետները: Նաև խոսվեց այն մասին, թե երեխայի ընտրության վերաբերյալ ապագայում ինչպիսի հարցեր կարող են ի հայտ գալ։
«Մինչև այս խմբին մասնակցելը ես մտածել եմ, որ իմ երեխան չի կարող ամուսնանալ կամ սեռական կյանք ունենալ իր ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով։ Հիմա հասկանում եմ, որ ՄԻԱՎ-ը խոչընդոտ չէ, որ նա կարող է հանգիստ պլնավորել իր կյանքը, ընտանիք կազմել, ապրել լիարժեք կյանքով։ Շնորհակալ եմ այս խմբի ու ընդհանարպես այստեղ գտնվելու համար»։ 

Ճամբարի գլխավոր նպատակներից էր նաև, 6-ից 12 տարեկան երեխաներին ՀՌՎ բուժման կարևորթյունը բացատրելը, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան ընդունել դեղերը, չդիմադրեն բուժմանը։ Հաշվի առնելով տարքային խմբի առանձահատկությունները, ԻԱԻՄ մասնագետների կողմից՝ որպես ասելիքի ձևաչափ ընտրվել է թատերական ներկայացումը։ Նախապես կազմակերպվել և մշակվել է թատերական ներկայացում, ՄԻԱՎ-ով ապրող հանրույթի ընկեր և աջակից թատերական ոլորտի մասնագետների կողմից: Թատերական ներկայացումը ադապտացվել է բուժման կարգապահության վերաբերյալ հեքիաթի հիման վրա: Թատրոնում որպես դերասաններ ներգրավվել էին ԻԱԻՄ ՀԿ-ի սոցիալական աշխատողներ, հավասարը հավասարին խորհրդատուներ և հոգեբանը։ Երեխաները շատ տպավորված էին թատրոնով։ Թատրոնը երեխաներին սովորեցնում էր ոչ միայն բուժումը կարգապահ ընդունել, այլև ընկերենալ ու չառանձնացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ 

Կազմակերպության հոգեբանը և խորհդատոներից մեկը դեռահասների համար սեսիաներ են վարել՝  ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, սեռավարակների, դրանց փոխանցման կանխարգելման, բուժման և անվտանգ սեռական հարաբերությունների մասին։

Դեռահասներին հետաքրքիր էր նաև ՄԻԱՎ-ի՝ աշխարհի վիճակագրության, ՀԿ-ների նշանակության, ծրագրերի իրականացման առանձնահատկությունները։ Մեկ առանձին դասընթաց է իրականացվել վերոնշյալ թեմաների վերաբերյալ։  

Խմբում կային նաև դեռահասներ, որոնք նոր են կցվել ՀՌՎ բուժմանը: Այս առումով յուրաքանչյուրի փորձով կիսվելը կարևոր էր մյուս մասնակիցների համար: 

Ճամբարի արդյունքում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն կողմից ստեղծված փոխվստահության մթնոլորտը հնարավորություն տվեց մասնակիցներին վեր հանել այնպիսի խնդիրներ, որոնց մասին նախորդ ծրագրերի ժամանակ շահառուները չէին բարձրաձայնում։