ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նախաձեռնել է յուրօրինակ միջոցառում, որը հնարավարություն տվեց ցանկացողներին ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան:
Նոյեմբերի 25-ին, իրականցիները Վանաձորում էին, որտեղ մեկ հարկի տակ հավաքվել էին տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտությունների տեր մարդիկ լսելու ՄԻԱՎ-ով ապրող կնոջ իրական պատմությունը: Դեմ առ դեմ հանդիպումը «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագրի շրջանակում է կազմակերպվել: Այն նախապաշարումների և կարծրատիպերի դեմ պայքարի նորարարական միջոց է, որը ազատ ու անկաշկանդ շփման հնարավորություն է ընձեռում:
Ծրագրի շրջանակում ընթերցողն ու ընթերցվողը մարդիկ են և ընթերցողն իր նախընտրած գրքին ծանոթանում է առաջին դեմքով:
Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը: