Աշխարհի առաջատար հանրային առողջության կազմակերպությունները շեշտում են, որ առանցքային տարիքային խումբ հանդիսացող դեռահասների հետ բաց և գիտելիքով հագեցած աշխատանքը օգնում է նրանց ձևավորել առողջ վարքագիծ, հասկանալ ռիսկերը և խուսափել վտանգավոր փորձերից։
Կանխարգելման կարևորությունն ու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ը և Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 ավագ դպրոցը նախաձեռնել էին դասընթաց ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար։ Թեմաները ներկայացնում էին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի աութրիչ աշխատակիցների համակարգող Սարգիս Ավետիսյանը և կազմակերպության սոցիալական աշխատող Մարիամ Կարապետյանը։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ ՄԻԱՎ-ի ընդհանուր հիմունքները, ինչ անել, երբ մարդը տեղեկանում է իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, ինչպես աջակցել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և խուսափել խտրական վերաբերմունքից, թմրամիջոց օգտագործող անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները, թմրամիջոցներից առաջացող վնասները և ՀՀ-ում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։
Այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ դեռահասներին ժամանակին տրամադրված գիտելիքը պաշտպանում է նրանց, ձևավորում առողջ վարքագիծ և նպաստում նաև համայնքային ավելի անվտանգ միջավայրի ձևավորմանը։
Նշենք, որ դասընթացը լուսանկարելն ու դրանց հրապարակումը նախապես համաձայնեցվել են դպրոցի ղեկավար կազմի հետ։


