Հանդիպմանը թիմը համատեղ քննարկեց կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները՝ վերանայելով դրանք ժամանակակից պահանջներին և համայնքի կարիքներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Մասնակիցները վերլուծեցին կազմակերպության նախորդ տարիների գործունեությունը, արձանագրեցին ձեռքբերումներն ու դասերը, ինչպես նաև քննարկեցին այն ուղղությունները, որոնք առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ կազմակերպության շահառուների կյանքի որակի բարելավման գործում։
Հանդիպման շրջանակում նախանշվեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի ռազմավարական առաջնահերթությունները՝ ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող և ԹՆՕ մարդկանց իրավունքների պաշտպանությունը, ռիսկային խմբերի համար ծառայությունների հասանելիության ընդլայնումը, համայնքային առաջնորդության և ներգրավվածության խթանումը, հոգեսոցիալական աջակցության ծառայությունների զարգացումը, ինչպես նաև պետական և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության ամրապնդումը։
Եռօրյա հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքի և գաղափարների փոխանակման մթնոլորտում՝ նպաստելով թիմային համախմբվածության ամրապնդմանը և կազմակերպության ապագա զարգացման ընդհանուր տեսլականի ձևավորմանը։
Հանդիպման արդյունքները հիմք կհանդիսանան առաջիկա տարիների գործունեության պլանավորման և կազմակերպության ազդեցության ընդլայնման համար։


