Դեկտեմբերի 20-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ թիմը Արարատի պետական բժշկական քոլեջում էր, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց և «Մարդկային գրադարան» ծրագիրը:
Կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության լայն տարածումը հանրության շրջանում՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, ԻԱԻՄ ՀԿ-ն նախագահ Ժենյա Մայիլյանը ուսանողադասախոսական անձնակազմին նախ ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին:
Այնուհետև դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան:
Ծրագրի շրջանակում ընթերցողն ու ընթերցվողը մարդիկ են և ընթերցողն իր նախընտրած գրքին ծանոթանում է առաջին դեմքով:
Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը:
Հանդիպմանը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու Արարատի պետական քոլեջի տնօրեն Մարգարիտա Գրրիգորյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, ըստ որի առաջիկայում Արարատի պետական քոլեջի ուսանողները նաև հնարավորություն կունենան անցնել վերապատրաստում ԻԱԻՄ ՀԿ-ում։