Այսօր՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայաստանում իրականացվեցին հանրային իրազեկման արշավներ, ինչպես նաև քննարկումներ՝ մարդու իրավունքների և առողջության թեմաներով։ Օրվա մեկնարկը տրվեց Գյումրիում, որտեղ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը մասնակցեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնած հանդիպում-քննարկմանը։

Միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները, բժիշկները և ՔՀԿ-ների ներկայացուցիչները ամփոփեցին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ ընդգծելով առկա խոչընդոտները, խնդիրներն ու ձեռքբերումները։

Ժենյա Մայիլյանը, իր ելույթում կարևորելով համագործակցության դերը, ընդգծեց համատեղ ջանքերով նախանշած նպատակներին հասնելու անհրաժեշտությունը։ Նա հատուկ շեշտադրեց մարդու իրավունքների պահպանման առաջնահերթությունը՝ կոչ անելով ակտիվորեն պայքարել խարանի և խտրականության դեմ։