Նոյեմբերի 28-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն թիմը Շիրակի պետական համալսաանում էր, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց և «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը: Կարևորելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության լայն տարածումը հանրության շրջանում՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, ԻԱԻՄ ՀԿ-ն նախագահ Ժենյա Մայիլյանը ուսանողադասախոսական կազմին նախ ներկայացրեց՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ընդհանուր հիմունքները, խոսեց նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման մասին, ինչպես նաև անդրադարձավ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հոգեբանական և սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին: Այնուհետև դասընթացին հաջորդեց «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» ծրագիրը, որը մասնակիցներին հնարավարություն ընձեռեց ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ՝ լսել, հարցեր ուղղել, զրուցել և բացահայտել նրան: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը: Ծրագրի շրջանակում ընթերցողն ու ընթերցվողը մարդիկ են և ընթերցողն իր նախընտրած գրքին ծանոթանում է առաջին դեմքով: Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը: