Ամիսներ առաջ ԻԱԻՄ ՍՀԿ աշխատակից Հովսեփ Դավթյանը մասնակցեց European AIDS treatment group-ի նախաձեռնած «Step Up» ծրագրի շրջանակում անցկացված 14 մոդուլային դասընթացին, որին հաջորդեց դրամաշնորհային ծրագրի մրցույթին մասնակցելու գործընթացը։

Համատեղ ջանքերով ԻԱԻՄ ՍՀԿ աշխատակցին հաջողվեց շահել դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում էլ օգոստոսի 16-ից 18-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն նախաձեռնեց ճամբար ՄԻԱՎ-ով ապրող, ինչպես նաև՝ ՄԻԱՎ-ից տուժած դեռահասների համար` «Վնասի նվազեցում՝ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի շրջանակում։ 12 մասնակիցների հետ 2-օրյա դասընթացի ընթացքում անցկացվեցին դասընթացներ, ինչպես նաև՝ կլոր-սեղան քննարկում։
Ողջունելով ներկաներին, ԻԱԻՄ ՍՀԿ սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը դեռահասների հետ խոսեց՝ սեռական և վերարտադրողական առողջության մասին, որից հետո ԻԱԻՄ ՍՀԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժնի մասնագետ Էրիկ Հակոբյանը խոսեց՝ սոցիալական մեդիայի, մեդիագրագիտության, դրանց ճիշտ ու նպատակային օգտագործման, թիրախային լսարանի սահմանման, ինչպես նաև՝ մեդիաարտադրանք ստեղծելու մասին։

2-րդ օրը դեռահասներին ներկայացվեց թմրամիջոցների տարածվածությունը ՀՀ-ում և այդ համատեքստում տարվող կանխարգելիչ աշխատանքները։
Հաշվի առնելով դեռահասների տարիքային առանձնահատկությունը՝ ԻԱԻՄ ՍՀԿ աշխատակիցները ներառել էին նաև կլոր սեղան-քննարկում՝ բուլինգի և դրա տեսակների մասին, որի մասին խոսեց Նանե Պետրոսյանը։
Ճամբարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև խարանին ու խտրականությանը, ինչպես նաև՝ մեդիայում ու սոցիալական հարթակներում կիրառվող խտրականացնող արտահայտություններին ու բառերին։
Դասընթացներին ու քննարկումներին հաջորդեցին գործնական առաջադրանքները, որոնց ընթացքում ԻԱԻՄ ՍՀԿ աշխատակիցները փորձեցին հասկաանալ, թե ինչպես է յուրացվել ներկայացված նյութը ճամբարականների կողմից։

Ծրագիրն իրականացվել է European AIDS treatment group-ի ֆինանսավորմամբ։