ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն և «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն նախաձեռնել են «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» նախաձեռնությունը օգնող մասնագետների համար։
Ներկաներին նախ ողջունեց կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը, ով ներկայացրեց ոլորտի առանձնահատկությունները, դժվարություններն ու անելիքները։ Վերջինս իր խոսքում կարևորեց նաև սոցիալական աշխատողների դերը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքում։
Շուրջ 15 սոցիալական աշխատողների հնարավորություն ընձեռվեց դեմառդեմ ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ, լսել վերջինիս կյանքի պատմությունը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հնչեցնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ։
Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունն ու բազմազանությունը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին և խտրականությանը: