Հուլիսի 22-ից 26-ը «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի թիմը՝ նախագահ Ժենյա Մայիլյանը, տեղեկատվության, հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Էրիկ Հակոբյանը և իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը Մյունխենում էին, որտեղ մասնակցեցին «ՁԻԱՀ 2024» 25-րդ միջազգային կոնֆերանսին։ Առաջին օրը՝ հուլիսի 22-ին, մինչ կոնֆերանսի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասանկցում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի, «ՁԻԱՀ-ի միջազգային հանրույթ» կազմակերպության (IAS) և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Մամուլի ասուլիսի շրջանակում ներկաների կողմից կարևորվեց ջանքերի մեկտեղումը, ՁԻԱՀ-ի հաղթահարման համար ռեսուրսների տրամադրումը, իրավական բարեփոխումները և ժամանակակից դեղերին հասանելիությունը։

Մամուլի ասուլին ՀՀ-ից մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ներկայացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակը ՀՀ-ում։ Այնուհետև երեկոյան կայացավ կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։