Դեկտեմբերի 16-ին՝ The LOFT-ում կայացավ Երիտասարդական փառատոն, որի շրջանակում փառատոնի կազմակերպիչները՝ որպես ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ոլորտում մասնագիտացված ու տարիների փորձ ունեցող կազմակերպություն հրավիրել էին նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի մասնագետներին՝ կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանին, ինչպես նաև սոցիալական աշխատողներ Տաթև Նալբանդյանին և Մարիամ Կարապետյանին: Փառատոնի շրջանակում տեղադրված էին «Ինֆո անկյուններ»՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հոգեկան առողջության և բուլինգի թեմաներով: Տեղեկատվությունը նշված թեմաների մասին պատանիներն ու երիտասարդները ինտերակտիվ խաղի ձևաչափով էին ստանում և ճիշտ պատասխանների դեպքում խրախուսվում թեմատիկ նվերներով:
Փառատոնին առանձին հանդիպումներով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի թեման պատանիներին, երիտասարդներին և վերջիններիս ծնողներին ներկայացրին Ժենյա Մայիլյանն ու Տաթև Նալբանդյանը:
Հանդիպման սկզբում մասնակիցներն ունեին մի շարք թյուր պատկերացումներ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին, որոնք էլ հերքվեցին հանդիպման ընթացքում, ինչպես նաև հարցուպատասխանի միջոցով:
Հարկ է նշել նաև այն, որ ուրախալի է, երբ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի թեման ընդգրկվում է նմանատիպ փառատոնների շրջանակներում, քանի որ սեռական դաստիարակությունն ու ճիշտ տեղեկատվությունը կարող են օգնել պատանիներին, երիտասարդներին, ինչպես նաև վերջիններիս ծնողներին առավել գրագետ և ճիշտ մոտեցում ցուցաբերել այդ համատեքստում: