«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը կազմակերպության թիմի համար անցկացրեց դասընթաց՝ նվիրված բուժաշխատողների և գործընկերային էթիկային։ Դասընթացը կազմակերպվել էր թիմի շարունակական վերապատրաստման շրջանակում՝ նպատակ ունենալով վերհիշել էթիկայի հիմնական սկզբունքները, ամրապնդել գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ։
Ժենյա Մայիլյանը, ով ընդգրկված է նաև ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծված էթիկայի հանձնաժողովում, ներկայացրեց, թե ինչ կանոնների պետք է հետևեն բուժաշխատողները իրենց մասնագիտական գործունեության ընթացքում՝ շեշտադրելով պատասխանատվությունը, հարգանքը և անկողմնակալությունը։ Նա նաև անդրադարձավ այն վարքագծին, որը կարող է դիտվել որպես էթիկայի խախտում՝ օրինակ՝ խտրական վերաբերմունք կամ գաղտնիության խախտում։
Քննարկումը հնարավորություն տվեց թիմին վերանայել սեփական փորձը, հասկանալ էթիկական նրբությունները և ավելի գիտակցված մոտենալ ինչպես մասնագիտական, այնպես էլ գործընկերային հարաբերություններին։ Այսպիսի հանդիպումները նպաստում են թիմի մասնագիտական աճին և մեր ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։


