ՁԻԱՀ-ի միջազգային ասոցիացիայի (IAS - International AIDS Society), «Աշխարհի բժիշկներ»-ի (Médecins du Monde Armenia), «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի և «ՏԲ մարդիկ» գլոբալ ցանցի համատեղ ջանքերով մայիսի 19-ին Երևանում մեկնարկեց տարածաշրջանային հանդիպում՝ նվիրված ՄԻԱՎ-ի արձագանքին, վնասի նվազեցմանը, մարդու իրավունքներին և կայուն քաղաքականությունների ձևավորմանը Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում։

Հանդիպմանը տարբեր երկրներից (Հայաստան, Մոլդովա, Ֆրանսիա,Ուկրաինա, Վրաստան) մասնակցում էին միջազգային կառույցների, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ։ Առաջին օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին ՄԻԱՎ-ի ներկայիս իրավիճակը  երկրներում, վնասի նվազեցման տարածաշրջանային փորձը, նալոքսոնի հասանելիությունը, թմրամիջոց գործածող անձանց իրավունքների խախտումները և առկա օրենսդրական մարտահրավերները։ Առանձին ուշադրություն դարձվեց նաև ՄԻԱՎ-ի հետ կապված խարանի և խտրականության նվազեցմանը, համայնքահեն մոտեցումների կարևորությանը և այն ուղիներին, որոնք կարող են ապահովել ավելի անվտանգ, ներառական և իրավունքահեն միջավայր։

Օրվա ավարտին քննարկվեց  Հայաստանում ՄԻԱՎ-ի արձագանքի կայուն ֆինանսավորման հարցը՝ հատկապես անցումային փուլում երկարաժամկետ լուծումների և համագործակցության կարևորության համատեքստում։

Նշենք նաև, որ միջազգային կոնֆերանսի մեկնարկը համընկել էր նաև ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրվա հետ, առաջին օրը եզրափակվեց մոմավառությամբ։ Այս երկու օրերը ևս մեկ հնարավորություն էին՝ փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և մարդկանց կյանքում իրական փոփոխություններ բերող լուծումների ձևավորման համար։

Հաջորդիվ առավել մանրամասն կխոսենք միջազգային կոնֆերանսի երկրորդ օրվա մասին։