ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը Երևանում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր լիարժեք» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական ՀԿ-ի հետ: Նպատակը հասարակությունում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, ինչպես նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը և այն գիտակցումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել շարժական կլինիկայում անցնելու ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի, Հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր անցորդներին և հետազոտվել ցանկացողներին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցների կողմից տրամադրվել է խորհրդատվություն և բաժանվել են տեղեկատվական-կրթական նյութեր: Միջոցառման ընթացքում նաև կարվեց քվիլթ և կազմակերպվեց մոմավառություն՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:
Միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 97 մարդ:
ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը նշվում է 1983թ.-ից: Նախաձեռնողները Սան Ֆրանցիսկոյի քաղաքացիներ էին, որոնց կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը:Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր:
1988թ. մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը մեր երկրում` ՀՀ քաղաքացիների շրջանում, գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4154 դեպք, որից 2877 արական և 1277 իգական սեռի ներկայացուցիչներ են: Նույն ժամանակահատվածում 0-15 տարեկանների շրջանում հաստատվել է ՄԻԱՎ-ի 73 դեպք։ Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 931, որից 72`2020 թվականին: