Մարտի 7-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ առաջին անգամ ՀՀ-ում նախաձեռնեց ՖԵՄԻՆԱ 2023 կանանց ֆորումը, որին ներկա էին շուրջ 70 մասնակիցներ տարբեր ոլորտներից: Այն նվիրված էր Զրո խտրականության օրվան (մարտի 1):
Միջոցառման նպատակն էր քննարկել ՄԻԱՎ-ով ապրող եւ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի կանանց հիմնախնդիրները, վեր հանել դրանց լուծման տարբերակները։ Ֆորումի խորագիրն էր՝ «Ոչինչ մեզ համար՝ առանց մեզ»։
Ներկաներին նախ ողջունեցին ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին վերջիններս նշեցին, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են ոլորտի բացերի մասին խոսելու և գործուն քայլեր մշակելու այդ բացերը լրացնելու համար: Այնուհետև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի՝ Քաղաքականության, հավասարության և գենդերային հարցերով փորձագետ Ելենա Կիրյուշինան խոսեց ՄԻԱՎ-ի համաճարակի Գենդերային ասպեկտների մասին՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որին հաջորդել է պանելային քննարկում: Բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՀՀ ԱՆ ԳՀԾ ՀԽ վարչական գծով պատասխանատու Աստղիկ Բերեզովսկայան, ինչպես նաև հետազոտող-փորձագետ Նվարդ Մարգարյանը:
Պանելային քննարկումից հետո հաջորդեց Ժենյա Մայիլյանի ելույթը, որի ժամանակ ԻԱԻՄ ՀԿ նախագահը ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ իրավախախտումների և խտրականության դեպքերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Հաջորդող պանելային քննարկման բանախոսներն էին՝ ՀԻԳ աշխատանքային խմբի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԻԱԻՄ ՀԿ իրավաբան Սարգիս Օհանյանը, ՀՀ ԱՆ ԳՀԾ ՀԽ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Հեղինե Եգանյանը: Ներկաները հնարավորություն ունեին պանելային քննարկումների ընթացքում բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Ֆորումին ներկա էին նաև ՄԻԱՎ-ով ապրող կանայք:
Միջոցառման երկրորդ հատվածում խոսվեց ՄԻԱՎ-ով ապրող, ԹՆՕ, ԼԲՏ, հաշմանդամություն ունեցող և սեռական բռնության ենթարկված կանանց խոցելիության մասին բռնության նկատմամբ, որի բանախոսներն էին՝ հետազոտող-փորձագետ Մարիամ Մխիթարյանը, Փինք ՀԿ ծրագրի համակարգող Կարինե Աղաջանյանը, ՍԲՃԿ ՀԿ սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանն ու Ագաթ ՀԿ-ի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը:
Ֆեմինա 2023 ֆորումին ներկա էր նաև ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը, ով ֆորումի մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց ՄԻԱՎ-ով ապրող կանանց ֆոտոպատմությունները, խոսեց դրանց ստեղծման ու ծրագիրն իրականացնելու ընթացքում ստացած տպավորությունների մասին:
Ֆեմինա 2023 կանանց ֆորումի եզրափակիչ հատվածում ներկաները «Մարդկային գրադարան» ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան շփվել ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ, ծանոթանալ վերջինիս պատմությանն ու ենթարկված խտրականության դեպքերին: