Մայիսի 15-ին ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի համաշխարհային օրը «Հետազոտվի՛ր և ապրի՛ր լիարժեք» խորագրով հանրային միջոցառում էր կազմակերպել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հետ համատեղ:
Միշոցառման նպատակը հասարակությունում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, ինչպես նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը և այն գիտակցումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն է տրվել շարժական կլինիկայում անցնելու ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի, Հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով։ Բոլոր անցորդներին և հետազոտվել ցանկացողներին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցների կողմից տրամադրվել է խորհրդատվություն և բաժանվել են տեղեկատվական-կրթական նյութեր:
Միջոցառման ընթացքում նաև մասնակիցների կողմից կարվեց քվիլթ և կազմակերպվեց մոմավառություն՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած անձանց:
Միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Բ-ի, Հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտվել է 120 մարդ: