ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառմանը ներկաներին ողջունեցին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը, ինչպես նաև «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը:
Այնուհետև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև կնքվեց հուշագիր, որով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված ՄԻԱՎ-ով ապրող անձանց ապահովել առաջնային կարիքի բավարարման համար անհրաժեշտ նյութական աջակցությամբ: ԻԱԻՄ ՍՀԿ-ն ծրագրի շրջանակում հանդես կգա՝ որպես միջնորդ և կաջակցի օգնությունը շահառուներին հասցնելու գործում:
Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի համագործակցությամբ իրականացված ծրագրերին, միջոցառումներին, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ոլորտում արձանագրված հաջողություններին՝ ցուցադրված նկարների միջոցով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն նախաձեռնել է նաև «Կենդանի գրադարան» կամ «Մարդկային գրադարան» նախաձեռնությունը, որի շրջանակում ներկաներին իր պատմությունը ներկայացրեց ՄԻԱՎ-ով ապրող կին, ով ապրել էր բռնության միջավայրում և կարողացել է ուժ գտնել և կտրել բռնության շղթան: Ներկաները հնարավորություն ունեցան նաև հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը: