Հուլիսի 19-ից 21-ը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն 2-րդ անգամ նախաձեռնել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների Ամառային ճամբար Հայաստանում, որին մասնակցել են ՄԻԱՎ-ով ապրող կանայք և նրանց ՄԻԱՎ-ով ապրող 4-ից 11 տարեկան երեխաները։ Ամառային ճամբարի ընթացքում առանձնացված դասըթացներ և տեղեկատվական սեսիաներ են իրականացվել ինչպես կանանց, այնպես էլ՝ երեխաների տարիքային բոլոր խմբերի համար։
Ծրագրում ընդգրկված թեմաներից և առանձին սեսիաներից էին` ծնողների հետ փոխօգնության խմբի անցկացումը, որի ընթացքում ՄԻԱՎ-ով ապրող երեխաների փորձառու մայրիկները կիսվում էին իրենց փորձով և աջակցում նոր ախտորոշված երեխաների մայրիկներին, հեքիաթի և տեղեկատվական նյութերի ներկայացումը, խաղերի կազմակերպումը, անիմացիոն մուլտֆիլմի դիտումը և այլն։
Փոխօգնության խմբի շրջանակում խոսվել է՝ ճամբարի նպատակի մասին, կարգավիճակի բացահայտելու հետ կապված տարիքային առանձնահատկությունների մասին, ծնողների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում, բժշկական հաստատություններում և զուգընկերների հետ կարգավիճակը բացելու մասին, խոսվել է այն մասին, թե ինչպես ճիշտ օգտվել մասնագիտական աջակցությունից, այն դեպքերում, երբ սեփական ներուժը չի բավարարում երեխաներին կարգավիճակը բացելիս, ինչպես նաև խոսվել է՝ սեփական իրավունքների իմացության կարևորության մասին։
Ճամբարի ծրագրի շրջանակում երեխաների հետ կազմակերպվել են տարաբնույթ խաղեր, թիմային աշխատանքներ, որոնց նպատակն էր՝ նպաստել երեխաների միասնականության, թիմային մտածողության զարգացմանը, համախմբմանը, նրանց ընկերության և մտերմության ձևավորմանը:
Ճամբարի երկրորդ օրը ԻԱԻՄ ՀԿ աշխատակիցները երեխաների համար նախաձեռնել են ուսուցողական հեքիաթի ընթերցում: Հեքիաթն ադապտացվել է օտարալեզու մշակված նյութերից, որի միջոցով երեխաները տեղեկացան այն մասին, թե ՄԻԱՎ-ը ինչպես է ազդում օրգանիզմի վրա, հեքիաթը ներառում էր նաև տեղեկատվական մաս, մասնավորապես՝ իմունային համակարգի մասին և, թե ինչպես են ՀՌՎ դեղերն օգնում օրգանիզմին ՄԻԱՎ-ի դեմ պայքարում։
Հեքիաթի գլխավոր նպատակներից էր երեխաներին ՀՌՎ բուժման կարևորթյունը բացատրելը, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան ընդունել դեղերը, չդիմադրեն բուժմանը։ Հաշվի առնելով տարքային խմբի առանձահատկությունները, ԻԱԻՄ մասնագետների կողմից՝ որպես ասելիքի ձևաչափ ընտրվել էր այն այդ տարբերակը Ներկայացմանը որպես դերասաններ ներգրավվել էին ԻԱԻՄ ՀԿ-ի աշխատակիցները։
Հեքիաթին հաջորդեց անիմացիոն մուլտֆիլմի դիտում՝ «Լուկա»-ն: Մուլտֆիլմը ընկերության, տարբերվելու, ինքնընդունման, ծնող-երեխա հարաբերությունների, միմյանց հասկանալու, ոգևորելու, խտրականության, դրա հաղթահարման մասին է: Մուլտֆիլմը հետաքրքիր և ուսուցողական էր նաև ծնողների համար։ Այն պատմում էր նաև, թե որքան կարևոր է, երբ ծնողը հավատում է երեխայի ուժերին։
Ճամաբարականների հետ ԻԱԻՄ մասնագետների կողմից իրականացվել են նաև անհատական աշխատանքներ երեխայի ՄԻԱՎ կարգավիճակը բացելու, կարգավիճակն ընդունելու և դեղերը կարգապահ ընդունելու ուղղությամբ։