ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինան մայիսի 26-ին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ գրասենյակում էր՝ ծանոթանալու հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքներին, մարտահրավերներին և ոլորտում առկա խնդիրներին: ԻԱԻՄ ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու Դաշտային աշխատանքները համակարգող Սարգիս Ավետիսյանը վերջիններիս ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքները, խոսել են ներկայում տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, որոնք արձանագրել են ՀԿ աշխատակիցները իրենց գործունեության ընթացքում:
Վալերիա Գրիշեչկինան լսելով վերջիններիս, իր դիտարկումներն է հնչեցրել համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքակազմի ներդրման, նոր մոտեցումների որդեգրման և կիրառման վերաբերյալ։
Հանդիպմանը ամփոփվեց նաև ԻԱԻՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնամք և աջակցություն», ինչպես նաև «ԹՆՕ-ի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում» ծրագրերի արդյուքններն ու ձեռքբերումները:
Վալերիա Գրիշեչկինան իր խոսքում կարևորեց կազմակերպության ներդրումը ՀՀ-ում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: