«Տուբերկուլոզ ունեցող պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկություններ և խորհրդատվական կարողությունների զարգացում» թեմայով դասընթաց

ՏԲ կաբինետների բուժքույրերի վերապատրաստման շարունակական դասընթացների շրջանակում նոյեմբերի 13-ին անցկացվեց վերջին դասընթացը՝ նվիրված տուբերկուլոզ ունեցող պացիենտների հետ աշխատանքի առանձնահատկություններին և խորհրդատվական հմտությունների զարգացմանը։

Դասընթացին մասնակցեցին Արարատի մարզի և Արմավիրի մարզի պոլիկլինիկաներում գործող ՏԲ կաբինետների բուժքույրերը։ 

Օրվա ընթացքում մասնակիցները ամրապնդեցին գիտելիքները ՏԲ-ի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, ծանոթացան պացիենտակենտրոն խնամքի սկզբունքներին, խարանի և խտրականության նվազեցման մեխանիզմներին, ինչպես նաև խորհրդատվական և հաղորդակցական հմտությունների բարելավման գործնական եղանակներին։

Դասընթացները կրեդիտավորված էին ՀՀ առողջապահության նախարարության կողմից, և այն հաջողությամբ ավարտած բուժքույրերը ստանում են վեց տեսական կրեդիտ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել ՏԲ կաբինետների բուժքույրերի մասնագիտական կարողությունները՝ նպաստելով պացիենտների խնամքի և աջակցության որակի բարձրացմանը։ 

Դասընթացների շարքն իրականացվել է «ՏԲ ունեցող անձանց խնամք և աջակցություն» ծրագրի շրջանակում։