Այսօր՝ հոկտեմբերի 13-ին կայացավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող (ՄՀՀ) հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էին ինչպես պետական պատկան մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի խնդիրները համակարգող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստին ներկա էր նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
ՄՀՀ նիստը նախագահում էր «Իրական Աշխարհ,Իրական Մարդիկ» ՀԿ-ն նախագահ Ժենյա Մայիլյանը: ՄՀՀ փոխնախագահը ողջունելով նիստի մասնակիցներին նախ ներկայացրեց օրակարգում ներառված բոլոր կետերը՝ հնարավորություն ընձեռելով բոլոր մասնակիցներին առաջարկություններ ներկայացնել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, որին հաջորդեց ՀԻԳ ԱԽ համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանի ելույթը, որը նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրեց՝ ՀԻԳ աշխատանքային խմբի աշխատանքները: Այնուհետև՝ ՄՀՀ քարտուղարության Անցումային հարցերով մասնագետ Սամվել Խարազյանը համառոտ ներկայացրեց՝ Վերանայված անցումային պլանը: «Նոր սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունից Հմայակ Ավետիսյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի ծառայությունների պետական ֆինանսավորման անցումային պլանի վերլուծությունը:
Նիստին ներկա էին նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանրույթի ներկայացուցիչներ: Նրանցից Սամվել Կոստանդյանը խոսեց խտրականացնող օրենքների, ոլորտում առկա բացերի ու խնդիրների մասին, որոնց ինքը՝ որպես ՄԻԱՎ-ով ապրող անձ, առերեսվել է ։ Մասնավորապես վերջինս դժգոհ էր «Սոցիալական աջակցության մասին օրենքում» առկա բացերից, որի պատճառով 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող Սամվել Կոստանդյանը չի կարողանում օգտվել հանրային ճաշարաններից և ունենալ խնամակալ: Վերջինս հորդորեց, որպեսզի պատկան մարմինները վերանայեն օրենքը և լրացնեն այն բացերը, որոնք խոչընդոտում են լիարժեք կյանք ունենալուն և ոտնահարում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները:
Նիստի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց հարցուպատասխանի միջոցով բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով այդ խնդիրների լուծման համար: